SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Էջմիածնի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Զ. Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Տոնոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Սբ. Մարիանե փողոցի բնակիչ, 55-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 59 շենքից: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված շենքի հիմքերն ամրացնելու նպատակով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել հողի փլուզում, և այն լցվել է Ա. Սարգսյանի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կա նաև վարկած, որ նշված հատվածում աշխատանքներ կատարելու թույլատվություն ժամանակին չի տվել Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, քանի որ այն իրենից վտանգ է ներկայացրել, այդ թվում՝ մասնագետների կարծիքով, շենքի հիմքերը կթուլանային:
Եվ ողբերգական դեպքից օրեր առաջ Ա. Սարգսյանին Վաղարշապատի քաղաքապետարանի ինչ որ պաշտոնյաներ ասել են, թե նա կարող է ազատ աշխատանքներ կատարել, ու եթե քաղաքապետարանի նշված անձինք Ա. Սարգսյանին չասեին, թե գնա ու քո գործողությունները կատարի, ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Սպարտակ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր-օր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: Նշված շենքի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացի, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Դեպքից անմիջապես հետո քաղաքապետարանից շտապեցին այստեղ ու մեզ խնդրում էին՝ ասելով, թե աղմուկ մի բարձրացրեք, թող չիմանան, որ մենք ենք ասել. գնա ու աշխատանքներ կատարի, մենք ի՞նչ իմանայինք, որ լավությունը վատություն դուրս կգա»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: