Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը. նա երդվեց բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները: Այս առիթով Life.panorama.am-ը զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ:
«Իհարկե, շնորհավորում եմ նորընտիր քաղաքապետին և հաջող աշխատանք եմ մաղթում: Կարծիք հայտնելու իրավունք դեռևս չունեմ, քանի որ պետք է աշխատանքը տեսնել, հետո նոր տեսակետ հայտնել: Ես անտեղի ոչ կարող եմ վատաբանել, ոչ գովաբանել, միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի Հայկ Մարությանը՝ որպես քաղաքագլուխ»,- նշեց մեր զրուցակիցը:
Խոսելով Երևանի և երևանցիների առջև ծառացած առաջնահերթ խնդիրների մասին, որոնց պետք է լուծում տա նորընտիր քաղաքապետը, Գագիկ Գինոսյանը ընդգծեց.
«Բնականաբար, խնդիրները շատ են: Ըստ իս՝ առավել շատ են բարոյահոգեբանական խնդիրները, որովհետև նախորդ իշխանությունների օրոք անդունդի տարբեր կողմերում էին իշխանությունն ու ժողովուրդը: Հիմա նախևառաջ պետք է այնպես անել, որ յուրաքանչյուր երևանցի զգա, որ սա իր քաղաքն է, այլ ոչ թե քաղաքագլխի: Բոլոր հայերը, անկախ իրենց ապրելավայրից, պետք է զգան, որ Երևանը սովորական քաղաք չէ, այն ամենայն հայոց մայրաքաղաքն է: Այս տեսանկյունից քաղաքապետի գործը շատ ավելի է բարդանում: Մոտ օրերս կնշվի Երևանի 2800-ամյակը և ցավոք սրտի, չեմ կարծում, որ Հայկ Մարությանը կհասցնի լավագույնս նախապատրաստվել այդ միջոցառմանը, իսկ նախորդ իշխանությունների կազմակերպած միջոցառումները գոնե ինձ համար ընդունելի չէին: Անշուշտ, գիտակցում եմ, որ ընդամենը մի քանի օրում անհնար է հինը քանդել ու նորը կառուցել, բայց հույս ունեմ, որ հետագայում աստիճանաբար ամեն ինչ կշտկվի և Երևանն էլ կդառնա ամենայն հայոց մայրաքաղաքը, որը թամանյանական ճաշակ կթելադրի մյուս քաղաքներին»:
Գագիկ Գինոսյանը հույս հայտնեց, որ Հայկ Մարության ղեկավարման օրոք այլևս չի աղճատվի Երևանի դիմապատկերը:
«Նախկին 30 տարիներին տարբեր ղեկավարների օրոք աղճատվել է թամանյանական վարդագույն Երևանի դիմագիծը, հույս ունեմ, որ Հայկ Մարությանը առաջին հերթին կվերագտնի ազգային դիմագիծն ամբողջությամբ: Ինչքան, որ հնարավոր էր կործանել, այնքան էլ հնարավոր է կրկին հետ բերել մեր Երևանի իրական տեսքը: Խնդիրը նրանում է, որ պետք է ունենալ ցանկություն ու կամք, որպեսզի հնարավոր լինի այդ ամենը անել, որովհետև օլիգարխիան շարունակում է մեծ թափով շենքեր կառուցել, որոնք խաթարում են մեր մայրքաղաքի դիմագիծը: Համակարգված գործելաոճ է պետք, որը դյուրին չէ: Հույս ունեմ, որ երկրում ընթացող բարեփոխումները կնպաստեն, որ հեշտանա այդ գործընթացը ու հնարավոր կլինի դա իրականացնել: Անելիք չափից դուրս շատ կա, բայց 1000 մղոնանոց ճանապարհն էլ կառուցվում է առաջին քայլից, բավական է առաջին քայլերը ճիշտ անել, կամք, վճռականություն ու վստահություն ցուցաբերել, իսկ հակադրվողները ընթացքում հաստատ կհասկանան, որ լուսանցքից դուրս չպետք է մնան: Հայկ Մարությանին կամք ու վճռականություն եմ մաղթում, որովհետև այն, ինչ կատարվում է Երևանում, ընդունվում է սփյուռքում, այդ պատճառով Երևանն ուղղակի քաղաք չէ, Հայկ Մարությանը պետք է կարողանա ամեն կերպ վերադարձնել ազգային դիմապատկերը, և խոսքը միայն շինությունների մասին չէ, պետք է սկսել օտարամոլ գովազդներից, լեզվից, մեր քաղաքը պետք է լինի հայկական քաղաք, այլ ոչ թե օտարազգի գովազդներով խեղդված քաղաք»,- ավարտեց մեր զրուցակիցը