Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 4 զոհ. մահացածների մեջ են մայրը, հայրը, մորաքույրը և 3 տարեկան երեխան. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 4 զոհ. մահացածների մեջ են մայրը, հայրը, մորաքույրը և 3 տարեկան երեխան. shamshyan.com

Հոկտեմբերի 16-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:40-ի սահմաններում Երևամ-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի 35 OQ 302 համարանիշի ավտոմեքենան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է: Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, մորաքույրը և երեխան:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների հետ փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով դիերը դուրս բերել 07-ի միջից: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 07-ը հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 26 շենքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանի անվամբ: Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Scania մակնիշի 86 A 989 -10 համարանիշի ավտոմեքենան վարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Թավրիզ քաղաքի բնակիչ, 57-ամյա Յուսեֆ Հասան Լիզադեն:

Վթարի հետևանքով տեղում մահացել են՝ Ագարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանը, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայող է և վերջինիս ուղևորներ, Մեղրի քաղաքի բնակիչներ, 27-ամյա Տաթևիկ Արզումանյանը, 3-ամյա Նարե Խաչատրյանը, և 58-ամյա Սվետլանա Թարվերդյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մ. Մինասյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com