Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նախագծի համաձայն «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» ծրագրով կիրականացվի լրացուցիչ 100 սայլակի և 215 լսողական սարքի պետական հավաստագրերով պարագաներ տրամադրելու վերաբաշխում:
Նշված ծրագրով 2018թ. ընթացքում նախատեսված էր շահառուներին տրամադրել 1100 լսողական սարք և 450 անվասայլակ: Հուլիսի 18-ի դրությամբ այդ պարագաներն ամբողջությամբ սպառվել են:
Տրամադրվող պարագաների քանակների սպառման պատճառն եղել է աննախադեպ առաջնակի դիմելիությունը: Նման աճը պայմանավորված է եղել նրանով, որ պետական հավաստագրերի համակարգով պարագաների ձեռքբերման դեպքում ծրագրի շահառուներն ունեն ընտրության մեծ հնարավորություն և ի տարբերություն մինչև 2018թ. պետական գնումների համակարգով տրամադրվող 5-6 անվանում ունեցող սայլակներից և 2 անվանում ունեցող լսողական սարքերից, այժմ նրանք կարող են ընտրել շուրջ 70 անվանում ունեցող սայլակ և շուրջ 30 անվանում ունեցող լսողական սարք:
Մինչև տարեվերջ շահառուները սայլակ (100 անձ) և լսողական սարք (215 անձ) ստանալու համար կարող են դիմել համապատասխան կառույցներ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական տարածքային մարմիններ, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ: