«Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» խաղը պատանիներին օգնելու է ճիշտ կողմնորոշվել հրդեհների ժամանակ
Advertisement 1000 x 90

«Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» խաղը պատանիներին օգնելու է ճիշտ կողմնորոշվել հրդեհների ժամանակ

«Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» խաղի միջոցով երեխաները, պատանիները կսովորեն իրենց ճիշտ պահել հրդեհների ժամանակ: Հոկտեմբերի 18-ին՝ Աղետների և ռիսկերի նվազեցման միջազգային օրը հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Լուսէ» կենտրոնում խաղի շնորհանդեսին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը:

Խաղը ստեղծվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, Dasaran կրթական ծրագրի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի համագործակցության շրջանակում:

««Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» խաղի նպատակն է աշակերտներին խաղի միջոցով սովորեցնել, թե ինչ պետք է անեն, երբ հայտնվեն երեք հանգամանքներում: Առաջինը՝ երբ անտառում հրդեհ է բռնկվել, ինչ պետք է անել կամ ինչ պետք է չանել, որ հրդեհ չառաջանա: Երկրորդը՝ անտառում ինչ կարելի է անել, երբ որևէ մեկին ուզում ես առաջին բուժօգնություն ցուցաբերել: Հաջորդ սցենարը շենքային պայմաններում հրդեհն է, մյուսը՝ հրդեհը մետրոյում: Նպատակն է եղել խաղի տարբերակով օգնել երեխաներին ավելի լավ պատկերացնել իրենց գործողություններն արտակարգ իրավիճակներում»,- նշեց Dasaran կրթական ծրագրի հիմնադիր- նախագահ Սուրեն Ալոյանն ու հավելեց՝ խաղը հասանելի է Dasaran.am հարթակում, այն կարելի է խաղալ նաև «Ֆեյսբուք»-ում:

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը կարևորեց աղետների և ռիսկերի կառավարումը։ Նա նշեց՝ պետք է հասնենք նրան, որ դա դառնա մշակույթ: «Մշակույթ դառնալու համար շատ կարևոր է, որ մի շարք քայլեր դառնան մեր կենցաղի մի մասը: Մենք գիտենք, որ 21-րդ դարում երեխաները շատ ժամանակ են անցկացնում համացանցում, խաղում: Համացանցը միջոց է երեխաներին կրթելու համար, դրա համար օգտագործեցին այս հարթակը»,- ասաց նա:

Լինելով միջազգային կազմակերպություն՝ «Սեյվ դը չիլդրեն»-ը խաղն առաջարկում է  նաև իր գործընկերներին այլ երկրներում: Խաղը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով: Հետաքրքրված են արդեն Ուկրաինան, Վրաստանը: Նկատել է, որ խաղն ակտիվորեն խաղում են նաև Հայաստանի մարզերում:

«Լուսէ» կենտրոնում հավաքված երեխաները հյուրերի ներկայությամբ խաղացին «Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի»-ն, զարմացրին արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու իրենց հմտություններով:

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը շատ ուրախ էր՝ տեսնելով, որ խաղն ավելի ակտիվորեն խաղում են աղջիկները: Նա մեծապես կարևորեց տեխնոլոգիան և համակարգչային ուսուցումը 21-րդ դարի երիտասարդ սերնդի համար: «Այս խաղն ինձ այնքան ոգևորեց, որ ես ուզում եմ նույնիսկ իմ թոռնիկներին ներգրավել դրա մեջ: Վստահ եմ, որ իրենք շատ կհավանեն: Խաղն ուսուցողական է՝ ինչպես վարվել աղետի ժամանակ: Ուրախացա, որ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտներն ու ծնողներն ակտիվորեն հետաքրքրվում են սրանով»,- ասաց Նունե Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ այս խաղը համաշխարհային նշանակություն ունի, քանի որ ողջ աշխարհն է աղետների գոտում: Հիմա կլիման փոխվում է, անսպասելի աղետներ են պատահում, այսբերգները հալվում են, ջրի մակարդակը բարձրանում է, և մարդկությունը, հատկապես՝ երիտասարդ սերունդն ավելի տեղյակ պետք է լինի, թե ինչպես  պետք է պայքարի բնական աղետների դեմ: Այս առումով Նունե Սարգսյանը խաղը առաջին քայլ համարեց դրա համար:

Նա շնորհակալություն հայտնեց խաղը ստեղծողներին, նշեց նաև՝ ուրախ էր, որ խաղի շնորհանդեսը տեղի ունեցավ «Երևան, իմ սեր» հիմնադրամի տարածքում: Հիմնադրամը ստեղծվել է իր ամուսնու՝ Արմեն Սարգսյանի և Բրիտանիայի արքայազն Չարլզի աշխատանքի շնորհիվ, տարիներ առաջ: Հիմնադրամի նպատակը սպառնալիքի տակ գտնվող 20-րդ դարի կառույցները վերականգնել, թարմացնել և համայնքներին, մարդկությանը տալն է: Նախագահի տիկինը նշեց՝ բազմաթիվ ծրագրեր ունեն, որ պետք է իրագործվեն այս շենքի տարածքում: