Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող՝ նվիրված Երևանի 2800-րդ տարեդարձին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կերտած եռակողմ հուշակոթողը խորհրդանշում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Ռազմիկ Բլիկյանը, ում բարեգործությամբ կերտվել է հուշակոթողը, պաշտոնատար անձինք, հյուրեր:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով մայրաքաղաքում նման մշակութային կոթողների ստեղծման գաղափարը, նշել է, որ այս մեկը հատկապես խորհրդանշական է. «Սա ոչ թե պարզապես հուշակոթող է, այլ հուշակոթող-ցայտաղբյուր, քանի որ աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որոնք ունեն ցայտաղբյուրներ: Ընդ որում, կոթողը նվիրվում է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին: Հարկ է նաև նշել, որ Երևանը առանձնանում է նրանով, որ ցայտաղբյուրների քաղաք է»:
Հուշակոթողի բացման արարողությունն ուղեկցվել է ուրախ համերգային ծրագրով: