Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով նախկին պաշտոնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և նկատել, որ այն կծառայի ի նպաստ մայրաքաղաքի խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ Սուրեն Աբրահամյանն ու Վահագն Խաչատրյանը շնորհավորել են Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Երևանի նախկին քաղաքապետերը նշել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են իրենց փորձառությունը և խորհուրդները փոխանցել քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ի շահ մայրաքաղաքի ու բնակիչների: