Ներկայացնում ենք Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան հրապարակումը:
Ազնիվ խոսք, չեմ չափազանցնում։
9։46։ Զանգ 011544032 անծանոթ համարից։ Կանացի ձայն.
– Բարև Ձեզ
– Բարև Ձեզ
– «Հաշտարարության Ազգային Մարմին» ՍՊԸ-ից է, չէ՞։
– Ոչ, սխալվել եք։
– Ինչպես թե։ Հարկային տեսչությունից է։ Ձեր համարն է նշված։
– Ուրեմն սխալմունք է։
– Ներողություն:
– Հաջողություն։
9։53։ Զանգ 011544032 նույն, արդեն ծանոթ համարից։ Կանացի ձայն.
– Բարև Ձեզ:
– Բարև Ձեզ, բայց մենք քիչ առաջ չենք զրուցե՞լ ինչ-որ ազգային մարմնի հարցով։
– Ոչ, մեր հեռախոսը կոմուտատորային է, տարբեր աշխատողներ են օգտվում։
– Շատ լավ։ Ուրեմն լսում եմ Ձեզ։
– «Գազի սպասարկման ծառայությունների միավորում» ՍՊԸ-ից է, չէ՞։
– Ոչ, հարգելիս, սխալվել եք արդեն երկրորդ անգամ։ Ես այդ ՍՊԸ-ի գոյության մասին Ձեզնից եմ իմանում։
– Ինչպես թե։ Հարկային…
– Գիտեմ որտեղից եք։ Գիտեմ, որ իմ համարն է նշված։ Բայց ազնիվ պիոներական՝ ես այդ կոմպանիայի հետ ոչ մի կապ չունեմ։
– Ուրեմն սխալմունք է երևի։
– Իհարկե սխալմունք է։ Խնդրում եմ ստուգել ձեր տվյալների բազան։
– Ներողություն։
– Հաջողություն։
10։14։ Զանգ 011544031, անծանոթ, բայց կասկածելիորեն մեկ այլ համար հիշեցնող համարից։ Տղամարդու ձայն.
– Բարև Ձեզ:
– Ողջունում եմ հայրենի Հարկային տեսչությանը!
– [կարճ պաուզայից հետո] «Արայիկ» ՍՊԸ-ի տնօրենի հե՞տ եմ խոսում։
– Ոչ։ Ավելին, ես ոչ մի առնչություն չունեմ ոչ «Գազի սպասարկման ծառայությունների միավորում», ոչ էլ «ինչ-որ ազգային մարմին» ՍՊԸ-ների կամ որևէ այլ ՍՊԸ-ի, ՓԲԸ-ի կամ որևէ այլ առևտրային կազմակերպության հետ։
– [նորից պաուզայից հետո] Բայց մեր բազայում ախր Ձեր…
– Անկեղծորեն հավատում եմ, որ իմ համարն է նշված։ Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ դա սխալմունք է։ Խնդրում եմ քննարկել ձեր ցանցային մասնագետի հետ։
– [ավելի երկար պաուզայից հետո. լսվում է ստեղնաշարի տկտկոց] Գիտե՞ք, Ձեր հեռախոսահամարը նշված է նաև Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տակ։
– Չեմ զարմանում։
– Ներողություն, կստուգենք։
– Հաջողություն։
Էպիլոգ։ (1) Վարչապետը վստահաբար սխալվում էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ (2) Ընտրական օրենսգրքի տապալման հետ, ազնիվ խոսք, ոչ մի կապ չունեմ։ (3) Շնորհակալ եմ հայրենի Հարկային տեսչությանը՝ բարձր տրամադրության համար։
ԼՐԱՑՈւՄ (կատարված է 12։15-ին). Չեք հավատա, ես էլ չէի հավատում։ Հենց նոր՝ նորից զանգ 095790*** անծանոթ, բայց այս անգամ բջջային համարից։ Կանացի ձայն.
– Բարև Ձեզ։
– Բարև Ձեզ։
– Արդարադատության ակադեմիայի՞ց է։
– Ներողություն, իսկ ես ու՞մ հետ եմ խոսում։ Կարող է՞ Հարկայինի։
– Այո, ի՞նչ իմացաք։
– [պաուզայից հետո] Էական չի։ Միակ չհամընկնող էլեմենտը բջջային համարն էր։
– Ներողություն, չհասկացա։ Զանգահարել եմ անձնական համարից։
– Պարզ է։ Ես երկուսուկես տարի է՝ ինչ Ակադեմիայում չեմ աշխատում։ Համարը կարող եք գտնել այսինչ կայքում։
– Շնորհակալություն։
– Հաջողություն։