Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը ստացան ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում
Advertisement 1000 x 90

Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը ստացան ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը հոկտեմբերի 24-ին այցելեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Նրանք կմասնակցեն նաև ԵՊԲՀ նիստերի դահլիճում կայանալիք «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը։

Ողջույնի խոսքում համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց. «Այսօր հիշարժան օր է բոլորիս համար: Բժշկական համալսարանը օրեցօր ավելի հայտնի է դառնում աշխարհում, և մենք կարևորում ենք, որ համալսարանը ավարտելիս մեր շրջանավարտները իրենց ճանապարհային քարտեզը ստանան հենց նման մարդկանցից: Նրանք պարտավորվում են ձեր և գիտական խորհրդի առջև՝ իրենց որոշումներում  լինել ծայրահեղ պատասխանատու»:

Պրոֆեսորներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը քիմիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր գիտնականներ են: Բեն Ֆերինգան, Ֆրեյզեր Ստոդդարտը և Ժան-Պիեռ Սուվաժը 2016թ-ին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած համատեղ աշխատանքի համար:

ԵՊԲՀ-ում կայանալիք դասախոսությունը ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին հնարավորություն կտա տեղեկանալ պրոֆեսոր Ֆերինգայի՝ գիտության ոլորտում կատարած աշխատանքներին, որոնք մեծապես կապված են ներկայումս և ապագայում մոլեկուլային շղթաների և դրանց կիրառման հնարավորությունների հետ: Գիտնականներին շնորհվեց  ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

ԵՊԲՀ կատարված այցը հնարավոր է դարձել շնորհիվ Նիդեռլանդների Գրոնինգենի համալսարանի հայ պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանի, ում նախաձեռնությամբ Գրոնինգենի համալսարանը՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության օժանդակությամբ, Երևանում հոկտեմբերի 22-ից 25–ը կազմակերպել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» (ArmChemFront 2018) քիմիային նվիրված միջազգային խոշոր գիտաժողով:  Վերջինիս շրջանակներում Հայաստան են հրավիրվել 22 բացառիկ, գիտական աշխարհում առաջատար ներկայացուցիչներ, այդ թվում` երկու  Նոբելյան մրցանակակիրներն ու ԵՄ-ի «Հորիզոն 2020» ծրագրի մասնակիցներ: Հրավիրված բանախոսներից զատ, աշխարհի տարբեր անկյուններից, ներառյալ՝Հայաստանից ավելի քան հարյուր գիտնական մասնակցում է այս  հնգօրյա կոնֆերանսին:

Գիտաժողովի համապարփակ ծրագիրը ներառում է հրավիրված գիտնականների դասախոսություններ, որոնք ներկայացնում են ոլորտին առնչվող վերջին զարգացումներն ու միտումները: Սիմպոզիումի  հիմնական նպատակն է հայ գիտնականներին, հատկապես, երիտասարդ սերնդին, հնարավորություն տալ ծանոթանալու ոլորտի լավագույն փորձին՝ աշխատանքներում որակապես տարբերվող և նորարարական մեթոդներ կիրառելով: Գիտաժողովի ամենակարևոր ուղերձն է` հանրապետությունում քիմիայի զարգացման անհրաժեշտությունը՝ համահունչ մեր երկրի կարիքներին և պայմաններին ու համընթաց աշխարհի գիտական նվաճումներին: