Վրաստանը «ներքաշում» են Թուրքիա-Ադրբեջան ռազմական տանդեմի մեջ
Advertisement 1000 x 90

Վրաստանը «ներքաշում» են Թուրքիա-Ադրբեջան ռազմական տանդեմի մեջ

Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական փաստաթուղթը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» միջկառավարական հուշագիրը՝ ստորագրված Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև 2018 թվականի մարտին Թուրքիայում։

Ալիևը նաև հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև «անձնական կազմի փոխանակման» մասին արձանագրությունը և «մշակութային կենտրոնի ստեղծման, աշխատանքի մեխանիզմի և գործունեության վերաբերյալ» միջկառավարական համաձայնագիրը։

Ադրբեջանը և Թուրքիան Վրաստանի խոշորագույն ներդրողներն ու առևտրային գործընկերներն են:
Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են՝ ադրբեջանական ներդրումները տրանսպորտային (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվել է ադրբեջանական վարկով), էներգետիկ (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր), Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:

Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից ազդեցության՝ այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններոմ՝ Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ․ կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե՛ տեղի հայերի դեմ (Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան), այնպես էլ ՀՀ-ի դեմ (ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին):

Վրաստանի բնակչությունը ծերանում է, վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է թե՛ արտագաղթը Ջավախքից՝ այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությամբ հիմնականում զբաղվում են ադրբեջանցիները, շուտով հէկերի կառուցման ծրագրեր են կյանքի կոչվելու) բնակեցնելով, ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝ Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն՝ ՀՀ-ի հյուսիսային՝ դե-յուրե, հայ-վրացական սահմանը՝ դե-ֆակտո, վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի:

Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով։ Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսի գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո:

Այդ հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ ՀՀ-ի ու Սփյուռքի ուշադրությունը կենտրոնացած է հիմնականում ղարաբաղյան հարցի ու Հայոց ցեղասպանության վրա, սակայն Վրաստանում հայաթափության, հայկական գործոնի տարեցտարի նվազման ու ադրբեջանա-թուրքական գործոնի ավելացման մասին քիչ է խոսվում, սակայն դա «չպայթած ռումբ» է ՀՀ-ի ազգային անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության համար:

Արտեմ Բալասանովի ֆեյսբուքյան հրապարակումներից:



Նման նյութեր