Երեկ երեկոյան մի շարք լրատվական կայքեր տարածեցին Բժշկական համալսարանի պրոֆեսորա-դասախոսա-ուսանողական կազմի կողմից ստորագրած բաց նամակը, որտեղ բողոքում էին Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի խայտառակ վարքից՝ Նոբելյան մրցանակակիրների մասնակցության միջոցառման շրջանակներում։
Եթե երկու բառով ներկայացնենք եղելությունը, ապա Նարեկ Վանեսյանը, որի զվյոզդը վերջնական է տարել, որոշել է, որ քանի որ ինքն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ամենամտերիմ ընկերներից է ու հովանավորյալը, ապա իր հայեցողությամբ կարող է փոփոխել միջոցառման պրոտոկոլն ու կազմակերպչական մասերը, իսկ եթե իր հետ համաձայն չեն ու թույլ չեն տալիս դա անել, ապա նա կարող է հարամ անել այդ միջոցառումը։
Առաջին հայացքից կարող է թվալ՝ սովորական քաղքենիության դրսևորման հետ գործ ունենք, երբ ներքուստ փուչ մեկն անսպասելիորեն օժտվել է իշխանությամբ ու իշխանություն ունեցողների հոգատարությամբ և մոռացել է իր տեղը, սակայն ամեն ինչ ավելի բարդ կարող է լինել։ Բանն այն է, որ, ըստ օդում կախված խոսակցությունների, Հոգեկան առողջության կենտրոնի պետին ու առողջապահության նախարարին միավորում է ավելին, քան զուտ ընկերությունն է։
Բանն այն է, որ Թորոսյանի նշանակման առաջին իսկ օրերից խոսակցություններ կային, որ նրա անցյալում բավականին ինտրիգային էջեր կան՝ կապված վերջինիս առողջության հետ։ Բացի նրանից, որ Թորոսյանը պարտադիր ժամկետային զինծառայությունը չէր ավարտել ու զորացրվել էր առողջական խնդիրներով, պտտվում էին նաև համառ խոսակցություններ, որ Թորոսյանը լուրջ հոգեկան խնդիրներ ունի ու ժամանակին բուժման կուրս է անցել հոգեբուժարանում։
Ըստ նույն օդում կախված խոսակցությունների՝ հենց սրանով է պայմանավորված եղել այն, որ Թորոսյանն իր առաջին որոշումներից մեկով ու բավականին մեծ ջանքեր գործադրելով Հոգեկան առողջության կենտրոնի պետ նշանակեց իր քիչ ընկերներից մեկին՝ Նարեկ Վանեսյանին։ Ասում են, որ այդ նշանակման հիմնական շարժառիթը եղել է հենց այն, որ բավականին կասկածելի անցյալ ունեցող ընկերոջ միջոցով կենտրոնի արխիվից անհետացել է Թորոսյանի հիվանդության պատմությունը, և հնարավորինս բացառվել է տեղեկատվական արտահոսքի հնարավորությունը։
Դժվար է վստահորեն պնդել, թե օդում կախված այս խոսակցությունների որ մասն է հավաստի, բայց Թորոսյանի հետ անմիջական շփված ցանկացած մարդ, տո նույնիսկ որևէ շփում չունեցած, բայց Թորոսյանի հրապարակային վարքին ծանոթ ցանկացած մեկը կփաստի, որ նման խոսակցություններն առնվազն թերահավատություն չեն ներշնչում։ Դե ինչ վերաբերում է Վանեսյանին, ապա պարզ է, որ եթե այս լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա նա իր քաղքենիական էության մեջ միանգամայն արդարացի է համարում, որ նման ծառայություն մատուցելու համար իր դեմ իրոք խաղ չպետք է լինի, ու իր առջև նախարարի ենթակաները պետք է խոնարհվեն գրեթե նույնչափ, որքան հենց նախարարի։