Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը:
Լուրը հաստատեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը:
«Մանվել Գրիգորյանի ներկայացուցչի կողմից գրություն է ուղարկվել մեր կոմիտե, որ նա պատրաստակամ է նվիրաբերել տարածք առանց որևէ պարտավորության: Մնացած մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ վարչության մյուս տեղակալի համակարգմանը ենթակա գործառույթների մեջ է մտնում պայմանավորվածությունը»,- ընդգծեց Աթանեսյանը:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախագահի մյուս տեղակալը՝ Գևորգ Լոռեցյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են պետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը՝ հավելելով, որը ներառում է մոտ 5500 քմ շենք-շինություն։ «Տարածքի արժեքը 584 միլիարդ դրամ է: Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»,- գրել է Լոռեցյանը։