ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ուսումնասիրել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հետ կապված խնդիրը: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ խնդրի մանրամասների հետ կապված շատ տեղեկություններ դեռ չունի: «Կարող են լինել որոշումներ, անհնարություններ, բայց առաջարկում եմ, որ մենք երկխոսության տոնայնությունը պահենք: Համենայն դեպս մեր տրամադրությունը դա է; Եթե ինչ-որ բան այնպես չի եղել և կպարզվի, որ սխալ ճանապարհով ենք գնացել, մենք չենք զլանա, հետ կգնանք, ներողություն էլ կխնդրենք»,-նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ անպայման կհետևի խնդրի հետ կապված շահառուների կողմից իրեն ուղարկված նամակին : «Հնարավոր է արձագանքի արագությունը այնպիսին չլինի, ինչպիսին ցանկալի է, ուղղակի օրակարգի շատ մեծ ծավալ կա: Ես հասկանում եմ, բոլորն ուզում են, որ բոլոր հարցերով ես անձամբ զբաղվեմ: Ես դեմ չեմ բոլոր հարցերով անձամբ զբաղվել, չնայած դա այնքան էլ լավ չի. բա մյուսներն այդ դեպքում ինչո՞վ զբաղվեն»,-կատակեց վարչապետի պաշտոնակատարը` հորդորելով խնդրի հետ կապված դավադրություն չփնտրել:
«Վերածնունդ» երիտասարդական ավանի մի խումբ շահառուներ նամակով դիմել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի բոլոր շահառուների համար առնվազն նախկինում հայտարարված պայմաններն ապահովելու խնդրանքով։ Շահառուներիս ներքոստորագրյալ խումբը խնդրել է հարցն ուսումնասիրել և գտնել լուծումներ, որոնք կապահովեն բնակարանների ձեռքբերման համար «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից նախկինում հայտարարված պայմանները։ Բնակելի համալիրի շինարարության մեկնարկը նախատեսվում էր 2018 թվականի փետրվարին, իսկ ավարտը նախատեսվում ՝ 2020թ. հունիսին: Դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2017 թվականի դեկտեմբերի 1-ը։