Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որը մեզ է տրամադրել «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը:
«Իրիգեյթ» ՍՊԸ–ի հետ փոխվարչապետի կապը
Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանում ընկերության հիմնադիրների մասը փակ է, և միայն համապատասխան վճարում կատարելուց հետո կարողացանք տեսնել ընկերության կանոնադրությունն ու մասնակիցների մասին տեղեկությունները: Ըստ այդմ՝ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է:
«Իրիգեյթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր
Դրամաշնորհի համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին ուղղված «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը ստորագրված է 2018 թվականի փետրվարի 14-ով: Այդ ժամանակ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ էր և հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն:
Արձանագրենք, որ Տիգրան Ավինյանը 2018թ. մայիսի 25-ին փոխվարչապետ էր, իսկ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս է եկել դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո՝ 2018 թվականի հունիսի 5-ին:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենը՝ նախարար
Փոխվարչապետի ընկերության հետ համաձայնագիր կնքած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Մեզ մոտ հարց էր առաջացել՝ արդյո՞ք գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Գեղամ Գևորգյանին տեսել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախորդ շաբաթ գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որին պատասխանել է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
«Գեղամ Գևորգյանի թեկնածության առաջադրման որոշումը կայացվել է կառավարության թիմի խորհրդակցությունների արդյունքների հիման վրա»,- ասված է Արմեն Խաչատրյանի պատասխանում: Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանին խնդրեցինք հարցազրույց կազմակերպել փոխվարչապետի հետ: Մեր առաջարկը քննարկելուց հետո Վահան Հունանյանն առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել եւ խոստացավ պատասխանել ողջամիտ ժամկետում: Մենք առաջարկեցինք, որ հարցերին բանավոր գոնե խոսնակը պատասխանի, սակայն վերջինս այդ առաջարկն էլ մերժեց: Մենք ուղարկել ենք գրավոր հարցում, որը այո կամ ոչ պատասխանն է ենթադրում: Փոխվարչապետին հարցրել ենք՝ արդյո՞ք ինքն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար:
Ամբողջությամբ՝ hetq.am