Արհեստական բանականությամբ «զինված» Սոֆյա հումանոիդ ռոբոտը դարձել է այցագիր ստացած առաջին ռոբոտն աշխարհում, գրում է Daily Mail-ը` մանրամասնելով, որ Սոֆյան էլեկտրոնային այցագիր է ստացել Ադրբեջան այցից կարճ ժամանակ առաջ:
Աղբյուրը նշում է, որ Սոֆյան պատրաստվում է համաշխարհային շրջագայության մեկնել:
Հիշեցնենք, որ ռոբոտն առաջին անգամ ներկայացվել է երկու տարի առաջ: Այն շատ խելացի է, ունի բնականին մոտ դիմախաղ, կարողանում է քայլել, խոսել, աչքերը թարթել, մի կողմից մյուսը նայել:
Սոֆյան ստեղծվել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերության կողմից՝ դերասանուհի Օդրի Հեփբերնի կերպարին համապատասխան:
Հումանոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որ քաղաքացիություն է ստացել: Սաուդյան Արաբիան ռոբոտին օրենքով սահմանված իրավունքներ ու քաղաքացիություն է շնորհել:
Ռոբոտին ստեղծած գիտնականի կարծիքով՝ 2045թ. դրությամբ բազմաթիվ անդրոիդ և հումանոիդ ռոբոտներ մարդկանց հավասար քաղաքացիական իրավունքներ կունենան, ինչպես նաև կկարողանան ամուսնանալ թե՛ մարդկանց, թե՛ ռոբոտների հետ: