«Մեր հասարակությունն ապրում է բնական իրավունքի շրջանակներում և քրիստոնյա Հայաստանի ժողովուրդն է, որի արքետիպի մեջ այս երևույթները չկան։ Սա հոգեկան պրոբլեմ է, նաև ֆիզիոլոգիայի հարց է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ԼԳԲՏ համայնքի ակտիվացմանը։
Նա ընդգծեց՝ յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են մնացածի իրավունքները. «Մշակույթի, իրավունքի ոլորտում պայքարելը քիչ է, դա գենետիկայի, սերունդների աճի հարց է, հայկական քաղաքակրթության վնասի հարց է։ Մեր օրենսդրությունը պետք է այդ հարցը կարգավորի, պաշտպանի ոչ թե փոքրամասնության, այլ մեծամասնության իրավունքները։ Թող իրենք իրենց ինչ ուզում են՝ անեն։ Պետությունը պարտավոր է այս հարցերը կարգավորել։ Ես տեսել եմ Երուսաղեմում, Իսրայելում շքահանդեսը, երբ երեք հոգու հրեաները դանակահարեցին, մի հատ Սոդոմ-Գոմոր առաջացավ։ Քանի որ մեզ մոտ քաղաքական համակարգի տրանսֆորմացիան սկսված է, այս խնդիրը պետք է լուծել ակունքներում»։
Քաղաքագետը նկատեց՝ թող ֆիզիոլոգներն այդ ոլորտն ուսումնասիրեն. «Նաև այն երկրների փորձը վերցնեն, որոնք օրենսդրորեն պաշտպանում են մեծամասնության իրավունքները փոքրամասնությունից։ Այդ փոքրամասնության ագրեսիվությունը պետք է զսպել։ ԱԱԾ մարմինները պետք է ուսումնասիրեն և տեսնեն՝ այս «բիզնեսը» հովանավորողներ կա՞ն, թե՞ ոչ։ Եթե բիզնեսը հովանավորողներ կան, պետք է պատժվեն։ Սա շատ կարևոր է, և պետությունը պետք է հայտարարի՝ ազգային պետությո՞ւն է, թե՞ ոչ։ Նոր գործիչները խուսափում են գործածել «ազգ» բառը, վախենում են»։
Շիրինյանը նկատեց՝ հայ ժողովրդի մի մասը մոռացել է, որ քրիստոնյա է. «Հիմա սրանք ասում են՝ քրիստոնյա ԼԳԲՏ. սա ծաղր է յուրաքանչյուր քրիստոնյայի հանդեպ, նույնիսկ՝ հեթանոսների, աթեիստների համար»։
Ռազմիկ Մարտիրոսյան