«Սիրելի՛ գործընկերներ,
Այսօր երկու տարբեր վեբ-կայքերում՝ Politik.am և Hetq.am, տեղեկատվություն է հրապարակվել, որի միջոցով փորձ է կատարվում իբր թե կապ գտնել Գեղամ Գևորգյանի՝ Գյուղատնտեսության նախարար նշանակվելու և ժամանակին Տիգրան Ավինյանի կողմից ղեկավարված Իրիգեյթ ՍՊԸ-ին Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի (ԳԶՀ) կողմից դրամաշնորհ տրամադրելու միջև:
Politik.am-ի դեպքում մեկնաբանություններն ավելորդ են. այս կայքը, իր «հավաստի աղբյուրներին» հղում տալով, շարունակում է հերթական ապատեղեկատվությունը տարածել:
Բայց շատ զարմանալի էր նույն թեմայով Հետք-ի հրապարակած հոդվածը: Ինչպես գիտեք, Հետքը հայկական լրատվական դաշտում մեծ հարգանք ունի, և որևէ մեկը չէր էլ կարող մտածել այն Politik-ի հետ նույն հարթության վրա դնել: Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք: Չնայած Հետքի հոդվածը չի փորձում ուղղակիորեն մեղադրել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, ինչպես դա անում է Politik-ը, բայց փորձում է «խոսել» տողատակերով: Արդյունքում, ընթերցողի մոտ հոդվածի բովանդակությունից կարող է տպավորություն ստեղծվել, որ այստեղ մի բան այն չէ, և ինչ-որ մութ պատմություն է տեղի ունենում, հատկապես որ Politik.am-ը մի քանի ժամ ավելի շուտ կատարած իր հրապարակմամբ նեգատիվ ֆոն էր ցանկացել ստեղծել: Ու դրան էլ կարող ենք հավելել Հետքի հոդվածի հեղինակի՝ իր Ֆեյսբուքի պատին հոդվածի հետ միասին արված բազմանշանակ մեկնաբանությունը:
Այո՛, փաստ է, որ ԳԶՀ-ն դրամաշնորհ է տրամադրել Իրիգեյթին: Եվ այս գործընթացի մասին ԳԶՀ-ն, հարցմանը ի պատասխան, տրամադրել է ամբողջական տեղեկատվություն, ավելին՝ տրամադրել է նաև առևտրական գաղտնիք պարունակող տվյալներ, քանի որ Իրիգեյթը ցանկացել է հնարավորինս բաց ու թափանցիկ լինել: Սակայն Հետքի հոդվածում փաստերը ներկայացվել են ընտրողաբար՝ այդպիսով հնարավորություն ստեղծելով, որ ընթերցողի մոտ լինեն թյուրընկալումներ: Բայց մենք խոսենք փաստերով և ներկայացնենք ամբողջ պատմությունը:
Այսպես, Հետքի հոդվածն ընդամենը նշում է, որ Իրիգեյթին դրամաշնորհը տրվել է մայիսի 25-ին, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր, սակայն մանրամասն չի անդրադառնում դրամաշնորհ ստացող ընկերությունների ընտրության գործընթացին: Իսկ այս պարագայում այդ գործընթացը, որը միջազգային բարձր չափորոշիչներին է համապատասխանում և նպատակ ունի առավել անաչառություն ապահովելու, ԱՌԱՆՑՔԱՅԻՆ դեր է կատարում: Եվ այն հետևյալն է.
• «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շահառուների, այդ թվում «Իրիգեյթ» ՍՊԸ-ի, կողմից 14.02.18թ. դրությամբ ներկայացվել են 62 հայտ-դիմումներ:
• «Արժեշղթայի զարգացման» քարտուղարության կողմից հայտ-դիմումների ուսումնասիրությունը և չափանիշների հետ համապատասխանության ստուգումը իրականացվել է 16.02.18թ.: Վերանայված ցուցակը ներկայացվել է Համաշխարհային բանկի դիտարկմանը:
Այս նախնական ընտրության փուլում դիմումը կարող է մերժվել տարբեր տեխնիկական պատճառներով, օրինակ հայտ-դիմումը ներկայացվել է ոչ սահմանված կարգով կամ պահանջվող գումարը չի համապատասխանում սահմանված նվազագույն և առավելագույն չափերին: Այսինքն պարզ, տեխնիկական ընտրություն է:
• Մրցույթի ժամանակացույցով սահմանված ժամկետում շահառուների կողմից ներկայացվել են 49 բիզնես-հայտեր, այդ թվում 15.03.18թ. «Իրիգեյթ» ՍՊԸ-ի կողմից: Ներկայացված բիզնես-հայտերի ցանկը ներկայացվել է Համաշխարհային բանկի դիտարկմանը:
• Վերոնշյալ 49 բիզնես-հայտերը 23.03.18թ. ներկայացվել են անկախ գնահատող կազմակերպության դիտարկմանը: Բիզնես-հայտերի տեխնիկական և ֆինանսական գնահատումն իրականացնելու նպատակով, Համաշխարհային բանկի ընթացակարգերով՝ մրցութային հիմունքներով ընտրված անկախ գնահատող կազմակերպությունը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված բոլոր բիզնես-հայտերի փաթեթները և կատարել գնահատում, ինչի արդյունքում 16 բիզնես-հայտեր մերժվել են վերջինիս կողմից:
• 25.05.18թ. տեղի է ունեցել Արժեշղթայի զարգացման հանձնաժողովի 10-րդ նիստը: Նշենք, որ Արժեշղթայի զարգացման հանձնաժողովը հանդիսանում է անկախ մարմին, կազմը բաղկացած է 9 անդամներից, որոնց մեծամասնությունը հանդիսանում են մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի արդյունքում ներկայացված 33 բիզնես-հայտերից հանձնաժողովի անդամների կողմից հաղթող են ճանաչվել 29-ը, որոնցից 2-ը չեն հավաստագրվել Համաշխարհային բանկի սննդի անվտանգության մասնագետի կողմից (փաստորեն, նույնիսկ այս վերջին փուլում Համաշխարհային բանկը վերահսկողության մեխանիզմ ունի), իսկ 1 հաղթող ճանաչված հայտատու հրաժարվել է համաձայնագիր կնքելուց: Վերջնական ցուցակը ներկայացվել է գյուղատնտեսության նախարարին։
• Արդյունքում, նպատակային ֆինանսավորման համաձայնագրեր են կնքվել բոլոր 26 շահառուների հետ, այդ թվում նաև «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ:
Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Այս դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին և վերահսկվում վերջինիս կողմից: Հայտատու-ընկերություններին գնահատում են անկախ մարմինները և հանձնաժողովները: Այսինքն՝ ԳԶՀ-ն, որի տնօրենն էր այդ ժամանակ Գեղամ Գևորգյանը, որևէ կերպ չէր կարող ազդեցություն ունենալ անկախ հանձնաժողովների կողմից կայացված և Համաշխարհային բանկի վերահսկողությամբ իրականացված որոշումների վրա: ԳԶՀ-ն այս պարագայում ընդամենը ֆինանսավորում է տրամադրում հաղթող կազմակերպություններին, այսինքն՝ կատարում է զուտ տեխնիկական դեր:
Մի այլ կողմից էլ դիտարկենք հարցը: Արժեշղթայի զարգացման հանձնաժողովի քննարկման փուլ է հասել 33 հայտ, որոնցից դրամաշնորհ չեն շահել ընդամենը 4-ը, իսկ 2-ին Համաշխարհային բանկն է հանել, հաղթողներից 1-ն էլ կամովին է հրաժարվել դրամաշնորհից:
Կասկածամտությունը ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե վերջին փուլ հասած լինեին 4-5 ընկերություններ և դրանցից հաղթողներ ճանաչվեին 1-2 ընկերություն, այդ թվում Իրիգեյթը: Բայց վերջին փուլ հասած 33 հայտատուների մեջ ճանաչվել 27 հաղթողներից մեկը այդքան էլ մեծ հերոսություն չէ:
Այսպիսով, ամբողջ գործընթացի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այստեղ որևէ վտանգներ և ռիսկեր չկան, ու մրցույթի միջոցով Իրիգեյթին ընտրել է անկախ հանձնաժողովը: Փաստերը առավել քան խոսուն են և ներկայացնում են ամբողջ ճշմարտությունը:
Հավելեմ նաև, որ որքան էլ որ մենք ապրում ենք հետճշմարտության և ֆեյք նյուզի դարաշրջանում, շարունակելու ենք մեծ կարևորություն տալ ազատ մամուլին և պատասխանատու լրագրությանը, ինչպես նաև աշխատելու ենք մաքսիմալ թափանցիկ և բաց:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյան»