Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«98 տարի առաջ այս օրը, 1920 թվականի հոկտեմբերի 30-ին, ընկավ Կարսը՝ հայոց հնագույն քաղաքն ու միջնադարյան մայրաքաղաքը: Կարսը, դրանից առաջ 40 տարի շարունակ լինելով մեկ ընդհանուր իմպերիայի կազմում որպես նույնանուն հայկական մարզի վարչական կենտրոն, ամբողջությամբ կառուցվել էր հայ շինականների կողմից, բնակեցված էր եղել բացառապես հայերով և դարձել էր արդեն Հարավային Կովկասի խոշորագույն քաղաքներից մեկը:
Ցավոք, Կարսը թուրքերին հանձնվեց բառացիորեն առանց կրակոցի, իսկ դրա պատճառները շատ ավելի խորքային էին, քան մեզ կարող է հիմա թվալ: Հայկական զորամիավորումները և նրանց գլխավոր հրամանատարությունը, հոգեբանական բարդյութի զոհը դառնալով և վճռական պահին չկարողանալով վերջնականապես հաղթահարել այդ բարդույթը, ուղղակի անկարող եղան իրենց մեջ ուժ գտնել և կռվել այդ պահին Ռուսաստանի «դաշնակիցներ» հանդիսացող թուրքերի դեմ: Այո, Սարդարապատում ընդամենը երկուսուկես տարի առաջ թուրքերի նկատմամբ փառահեղ հաղթանակ տարած հայերը՝ այդպես անփառունակ հանձնեցին Կարսը ռուսների «դաշնակիցներին»:
1920-ի սեպտեմբերի վերջին՝ Սովետական Ռուսաստանի կողմից ուղղորդվող և մեծ ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող թուրքական ազգայնական շարժման առաջնորդ Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրք) զինված ջոկատները անցան Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի (ներկայիս Եվրամիության նախատիպը) կողմից պաշտոնապես ճանաչված Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և հարձակում սկսեցին Սարիղամիշի ուղղությամբ: Քեմալականների արշավանքն ուղեկցվում էր կարմիր դրոշներով, ռուսական հեղափոխական լոզունգներով և անգամ բոլշևիկյան բանակի հանդերձանքով: Շուտով արդեն արևելքից սկսվեց Սովետական Ռուսաստանի և Ադրբեջանի կոալիցիոն զորամիավորումների առաջխաղացումը դեպի Հայաստանի տարածքներ: Հայաստանի՝ որպես անկախ պետության ճակատագիրն արդեն կանխորոշված էր: Սակայն մինչ հիմա էլ դեռևս բաց է մնում մի կարևոր հարց. արդյո՞ք մենք լավ ենք սերտել պատմության այդ ցավալի դասերը և արդյո՞ք մենք վերջապես պետք է հասկանանք, թե ով է եղել մեզ համար իրական թշնամին կամ բարեկամը՝ մեր վերջին հարյուրամյակի պատմության դժվարին ոլորաններում:
Հայաստանի Առաջին Հանրապետության հանրային խնամատարության և աշխատանքի նախարար Արտաշես Բաբալյանը հետագայում այսպես է գրել իր հուշերում այդ օրերի մասին. «Մեր բարձր հրամանատարությունն ու սպայակույտը ռուսական կողմնորոշում ունեցող մարդկանց ձեռքում էր: Զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանը, Հախվերդյանը և այլք մի՞թե նվիրված էին մեր անկախությանը: Նրանցից շատերը շատ լավ հայեր էին, բայց անկախ Հայաստանը համարում էին ժամանակավոր մի երևույթ, որը պիտի չքանար ռուսական ազդեցության տակ: Անկարան գործում էր Մոսկվայի համաձայնությամբ: Բոլշևիկյան զորքը, օգտվելով մեր պարտությունից, կարողացավ ներս խուժել մեր երկիրը և վերջնականապես քանդել մեր այնքան դժվարությամբ կառուցած Անկախության շենքը»»: