Սեռական ոտնձգության զոհ անչափահասը՝ կրկնակի զոհացման վտանգի առաջ
Advertisement 1000 x 90

Սեռական ոտնձգության զոհ անչափահասը՝ կրկնակի զոհացման վտանգի առաջ

Երևանցի 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու համար և քրեական գործն ուղարկվել դատարան։

Կատարվածի մասին ահազանգել է անչափահասի մայրը։

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, պարզվել անձի ինքնությունը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան և այն մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։

Սակայն պարզվեց, որ անչափահասը կրկին կանգնել է կրկնակի զոհացման վտանի առաջ. Խնդիրն այն է, որ սեռական բռնության գործով հանրայնացվել է անչափահասի անուն-ազգանունը, որին կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք՝ այդպիսով վտանգելով երեխայի լավագույն շահի պաշտպանությունը։

Եվ ընդհանրապես՝ նկատենք, որ վերջին շրջանում Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում միջոցներ չեն ձեռնարկվում սեռական բռնության զոհերի տվյալներն ապաանձնավորելու ուղղությամբ։ Հրապարակվում են անգամ այն զինվորների անունները, ովքեր զինծառայության ընթացքում ենթարկվել են սեռական բռնության՝ այդպիսով վտանգելով բռնությունից հետո ոչ միայն նրանց վերաինտեգրվելը հասարակության մեջ, այլ կյանքն ընդհանրապես։

Սեռական բռնության զոհերի իրավունքները պաշտպանելու, նրանց կրկնակի զոհացումը բացառելու , առավել ևս անչափահասների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ստանձնած պարտավորությունը հարգելու ուղղությամբ դատական համակարգը պետք է լրջագույնս մտածի։

pastinfo.am