Հոկտեմբերի 29-ին ՀՖՖ-ն Արարատ Առաքելյանի և եղբոր պահվածքը խուլիգանական է որակել և դիմել է ոստիկանությանը: Հրապարակվել էր նաև տեսանյութ:
Հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել է միջադեպ, որի ընթացքում «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել է հանդիպման մրցավարին:
Հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել է նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, ով ընդհանրապես հայտավորված չի եղել հանդիպմանը որպես պաշտոնատար անձ:
Այսօր Արարատ Առաքելյանը հյուրընկալվել է Armsport.am-ին, խոսել միջադեպի մասին ու ներողություն խնդրել կատարվածի համար.
«Բոլորդ էլ տեղյակ եք միջադեպի մասին: Ես չեմ ցանկանում ինչ-որ մեկին մեղադրել: Առաջին մեղավորը ես եմ: Շատերն են ինձ ճանաչում ու բոլորը գիտեն, որ 25 տարի ես ֆուտբոլի մեջ եմ ու այսքան ժամանակ նման բան ինձ թույլ չեմ տվել: Իմ ու եղբորս պահվածքը ոչ մի արդարացում չունի: Սխալը մենք ենք, պետք է մեզ տիրապետեինք, սակայն սա ֆուտբոլ է, որն էմոցիոնալ խաղ է: Հանդիպումից հետո ես մոտեցել եմ մրցավարին, ներողություն եմ խնդրել պահվածքիս համար ու ընդհանուր հայտարարի ենք եկել: Չեմ կարող բացատրել, թե այդ պահին ինչ պատահեց ինձ հետ:
Ինչպես գիտեք, ես ավարտել եմ կարիերաս, սակայն մնում եմ ֆուտբոլի մեջ: Իմ երկու երեխաները զբաղվում են ֆուտբոլով…:
Կցանկանայի խոսել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով այժմ դա չի ստացվում: Պարզապես, ֆուտբոլից բացի որևէ այլ բանով չեմ կարող զբաղվել: Նորից կրկնում եմ թե՛ իմ, թե՛ եղբորս անունից, հասկանում ենք մեր մեղքը ու ներողություն խնդրում: Թող լինի պատժամիջոց, սակայն ոչ ցմահ որակազրկում: Ես և եղբայրս ֆուտբոլից բացի այլ բանով զբաղվել չենք կարող…:
25 տարվա ընթացքում ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ ճանաչում են ինձ: Խաղացել եմ հավաքականում, տարբեր ակումբներում, սակայն ինձ երբեք նման արարք թույլ չեմ տվել: Կխնդրեի, որ ֆեդերացիայի Գործկոմի անդամները, պարոն Վանեցյանը, վերանայեն որոշումը: Մոտ օրերս աշխատանքի պետք է անցնեի, սակայն հասկանում եմ, որ այս դեպքից հետո դա տեղի չի ունենա:
Պրոֆեսիոնալ շատ մարզիչներ, մի շարք ֆուտբոլիստներ, նման միջադեպերի մեջ հայտնվում են, սակայն ցմահ որակազրկում չի լինում: Ես ֆուտբոլով ապրում եմ: Չեմ կարող պատկերացնել ինձ առանց ֆուտբոլի: Խնդրում եմ պարոն Վանեցյանին, Գործկոմի անդամներին, մեզ ներեն»,- ասել է Առաքելյանը:
Հավելենք` Armsport.am-ին ՀՀ Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առիթով հետաքննություն է ընթանում, և մանրամասները պարզ կլինեն մոտ 10 օրվա ընթացքում: