ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համապարփակ աշխատանքներ է տանելու հոկտեմբերի 17-ին Գյումրում տեղի ունեցած դեպքի առթիվ, երբ մայրը նորածին երեխաներին թողել էր Գյումրու մանկատան դիմաց: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
«Ես խորքային ուսումնասիրել եմ դեպքը և տեսել եմ հնարավորությունը երեխաների՝ կենսաբանական մոր հետ մեծանալու, որը բխում է նրանց լավագույն շահից: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել և այն արտառոց էր, մենք անպայման սոցիալական համապարփակ աշխատանք պետք է իրականացնենք: Տարբեր դրդապատճառներ ու երևույթներ ձևակերպենք, դրանց տանք լուծում, և համոզված լինենք, որ այն ճանապարհը, որով գնում ենք՝ ճիշտ է և կրկնության ենթակա չէ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Մանե Թանդիլյանը նաև նշեց, որ սա ուղերձ պետք է լինի նման իրավիճակում գտնվող մյուս մայրերի ու ընտանիքների համար:
«Սա նաև ուղերձ պետք է լինի այն ընտանիքներին ու մայրերին, որոնք նման խոցելի իրավիճակում են հայտնվել, որ իրենք պաշտպանված են, և որոշ դեպքերում ավելի հասցեական պետք է դիմեն այդ պաշտպանությունը ստանալու համար»,- նշեց Թանդիլյանը: