Ինչու է Ոստիկանությունը պահանջում վարորդներից ներկայանալ բաժին
Advertisement 1000 x 90

Ինչու է Ոստիկանությունը պահանջում վարորդներից ներկայանալ բաժին

ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է սկսել Երևանում ու ՀՀ մարզերում՝ տեխզննման կեղծ կտրոնների հայտնաբերման ուղղությամբ: Քաղաքացիներին զանգահարում են ու խնդրում ներկայանալ Ոստիկանության բաժիններ: ԱԱԾ-ն դեռևս հունիս ամսին հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.

«Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը  հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական  կորուստներից  քաղաքացիներին զերծ պահելու  նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները  համայնքների վարչական շենքերում  վարձակալած սենյակներից,  ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից  և հորդորում է  սահմանված կարգով  դրանք ձեռք բերել բացառապես ՀՀ  բանկերից»:

168.am-ի հետ զրույցում քաղաքացիներին Ոստիկանության բաժիններ կանչելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տվեց հետևյալ բացատրությունը. «Այլ գերատեսչությունում (նկատի ունի՝ ԱԱԾ-ն.- Ռ.Մ.) հարուցված քրեական գործ կա, ու դրա շրջանակներում համապատասխան գործողություններ են իրականացվում»:

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս խնդրի մասին իրենց կազմակերպությունը տեղյակ է ԱԱԾ-ի հայտարարությունից, ու հիմա ըստ էության շարունակում են հայտնաբերել այն քաղաքացիներին, որոնց մոտ առկա են տեխզննման կեղծ կտրոններ.

«Մեր կազմակերպություն այս խնդրի առնչությամբ ոչ մի վարորդ չի դիմել: Ես չգիտեմ՝ Ոստիկանությունն այդ քաղաքացիներին ինչո՞ւ է հրավիրում բաժիններ, ի՞նչ խնդիր պետք է լուծեն, եթե քաղաքացին տեխզննման կտրոնը ձեռք է բերել վարչական շրջաններից, որտեղ իրենց առաջարկել են այդ կտրոնն առնել, որ մեկ էլ չհասնեն բանկ: Այդտեղ ասում են՝ վճարիր այդ գումարը, քեզ կտանք կտրոնը:

Քաղաքացին էլ օգտվել է այդ ծառայությունից, տեղում արել է ու կտրոնը փակցրել է մեքենային: Ինձ թվում է՝ ուզում են պարզել, թե վերջապես ո՞վ է տպել այդ կեղծ կտրոնները, ո՞նց է եղել, այդ քաղաքացին գիտե՞ր, թե՞ չգիտեր»: Ոստիկանության բաժին հրավիրված վարորդներից մեկը մեզ պատմեց, որ իրեն հրավիրել են բաժին և ընդամենը ստուգել՝ մեքենայի տեխզննման կտրոնը կեղծվա՞ծ է, թե՞ ոչ: Նա նաև նշեց, որ իր կտրոնը բանկից է ձեռք բերել, և որևէ խնդիր չի առաջացել:

168.am-ը նաև գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ, որի պատասխանը կներկայացնենք առաջիկայում:

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am