Մենք անհամբեր ժողովուրդ ենք
Advertisement 1000 x 90

Մենք անհամբեր ժողովուրդ ենք

Գևորգ-Ջորջ Կասաբյանը հետաքրքիր ճակատագիր ունի: Նա ծնվել է Հալեպում, ստացել ինժեների մասնագիտություն, աշխատել որպես ավիակոնստրուկտոր, հետո տեղափոխվել Կանադա, ստացել նոր մասնագիտություն և զբաղվել համակարգչային ծրագրավորմամբ: Պարոն Գևորգը շատ հավասարակշռված և վստահ մարդ է: Երևի կյանքի երկու նախորդ փուլերը սովորեցրել են նրան զուսպ և կշռադատված լինել: Այժմ պարոն Գևորգը մշտապես ապրում և ստեղծագործում է Հայաստանում: Նա քանդակագործ է: Նրա 6-ամյա հայաստանյան կյանքը լի էր որոնումներով: Ոչ ավիացիայում, ոչ բիզնեսում նա իր տեղը չգտավ: Բայց հասկացավ, որ քաոսային Հայաստանը ստեղծագործելու համար հիանալի հեռանկարներ ունի: «Ես միշտ հստակ իմացել եմ` ինչ եմ ուզում անել»,- ասում է նա: Այժմ պարոն Գևորգը զբաղվում է միայն արվեստով, թեև ցանկություն և փորձառություն ունեցել է նաև բիզնեսի ոլորտում: Զրույցը սկսեցինք ինքնաթիռներից և հրթիռներից, թեև անդրադարձանք բազում այլ հարցերի:

– Մի քանի տարվա պրպտումներից հետո 60-ականների սկզբին Սիրիայում մենք կարողացանք Միջին Արևելքում առաջինը հրթիռն արձակել: Այդ ժամանակ ոչ Սիրիան, որ Լիբանանը, ոչ Հորդանանը չգիտեին` ինչ է հրթիռը: 1962 թվականին ես 20 տարեկան էի: Հրթիռագիտությունն այդ ժամանակ սկսում էր կայանալ, դա անմիջապես Գագարինի թռիչքից հետո էր: Իմ հրթիռը փոքր էր, մեծ բարձրության չէր հասնում, բայց մինչև երեք կիլոմետր անխափան կարող էր թռչել: Այդ հրթիռի նպատակը պետք է ռազմական լիներ, սիրիական բանակը նման հրթիռների օգտագործման փորձ տակավին չուներ: Ամեն ինչ նոր պետք է սկսվեր: Բայց ես պատերազմի սկսվելուն պես հեռացա այդ գործից, քանի որ զինվորականությանն ու ուժին չեմ հավատում, ես դեմոկրատ եմ ծնվել:

– Իսկ եթե ուզեք, կարո՞ղ եք ձեր առաջին մասնագիտությանը վերադառնալ և հայկական հրթիռներ նախագծել:

– Այո, բայց երբ 1999-ին եկա Հայաստան և ծանոթացա այստեղի գիտնականների ու տարբեր ճյուղերում աշխատող ակադեմիկոսների հետ, հասկացա, որ շատ բարդ կլինի: Ես նրանց համար արտասահմանից եկած հայ էի, իսկ նրանք սովետական ռեժիմում դաստիարակված մարդիկ էին: Իրենց համար ամեն ինչ գաղտնի էր, նրանք չէին ուզում շփվել կամ որևէ տեղեկություն տալ:

– Բայց ինչո՞ւ, մենք արդեն անկախ երկիր էինք:

– Սովետական հոգեվիճակը պահպանվել էր: Բոլորն ուզում էին իրենց գիտելիքները նեղ միջավայրում օգտագործել և հաճախ ասում էին՝ մեր գործը հեղինակային է: Կանադայում վաղուց արդեն չեն հավատում հեղինակային գործին: Գործը կոլեկտիվ պիտի լինի, լավ արդյունքի հասնելուց հետո միայն կարելի է որպես վերջակետ հասնել հեղինակայինին: Ես Ինտերնետից տարբեր երկրների գրադարաններից իրենց համար նյութեր էի տպում, որպեսզի հասկանան, որ այժմ ոչ մի գաղտնիք չկա, և իրենք տասնհինգ տարվա ընթացքում ոչ մի նոր բան չեն արել: Հետո ես գիտական աշխատանքների կենտրոն հիմնեցի և սկսեցի տարբեր ինստիտուտներից սարքավորումներ գնել: Ոչ մեկին պետք չէին այդ սարքավորումները, քանի որ երկիրը չէր հավատում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, և ինստիտուտները փակվում էին: Ես կարողացա հավաքել մասնագետներին, բավականին բարձր գնահատեցի նրանց աշխատանքը: Լավ գիտական աշխատանքներ արեցինք, բայց, ցավոք, մեծ պրոբլեմ կա. արևելյան մարդիկ չգիտեն, թե ինչ է խմբակային աշխատանքը: Հայերը իրար նայել, իրար հանդուրժել չգիտեն: Այդ պատճառով ես դադարեցրեցի այդ աշխատանքը: 100 հազարավոր դոլարներ էի դրել այս գործի մեջ, բայց երկու-երեք տարի հետո ասացի` բավ է, ոչինչ չեմ ուզում: Բոլորի նպատակը փողն էր. փող տուր, ես ապրեմ այսօր, մնացածն ինձ չի հետաքրքրում: Այդ մարդիկ շատ լավ գիտնականներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ են, բայց ինդիվիդուալիստ էին, գործնական աշխատել չգիտեին: Աշխատանքի սիստեմ չգիտեին: Եթե գործը պետք է քայլ առ քայլ արվեր, բոլորը ցանկանում էին անմիջապես վերջին քայլին հասնել: Բայց գիտության մեջ այդպես չի լինում:

– Ո՞րն էր գիտական աշխատանքների նպատակը:

– Նպատակն արևից էներգիա ստանալն էր: Նախկինում Սովետում Արևի ինստիտուտ կար, որը որոշ աշխատանքներ արել է: Անշուշտ, դա շատ կարևոր է: Այսօր ամբողջ Արևմուտքը «մաքուր էներգիա» ստանալու համար ոչ թե միլիոններ, այլ միլիարդներ է ծախսում: Նավթային հզոր ընկերությունները հիմա փոխում են իրենց ստրատեգիան և էներգիայի նոր աղբյուրներ փնտրում:

– Ավելի ճիշտ չի՞ լինի, որ մեր պետությունը լրջորեն զարգացնի արևի էներգիայի ուսումնասիրությունները:

– Հայաստանի պետությունը տակավին երիտասարդ և անփորձ է: Այսօր մարդիկ գոնե տասը տարվա փորձառություն ունեցան և գոնե իմացան, թե արևմտյան քաղաքական խաղն ինչ է: Իսկ այդ խաղը շատ իմաստալից է: Ես որևէ նախապաշարմունք չունեմ և որևէ կուսակցական հակում չունեմ: Բայց գիտեմ մի բան, մենք պետք է ղեկավարներին մեր երկիրը սիրել սովորեցնենք: Մի կարծեք, որ ես որպես արտասահմանցի եմ խոսում: Մեզ Կանադայում երբեք չի հետաքրքրել` նախագահը կամ վարչապետը ով է, որովհետև նախագահ փոխելով` մարդիկ իրենց կյանքում շատ բան չեն փոխում: Դրա համար մենք միշտ ղեկավարներին սիրում ենք, և նրանց հրահանգը մեզ համար աբսոլյուտ է: Այստեղ ղեկավարի հանդեպ ատելություն կա, նույնիսկ` մինչև ղեկավար ընտրելը: Նախապաշարված ժողովուրդ ենք, ինչո՞ւ, չգիտենք: Երևի ժողովուրդը շատ անհամբեր է:

– Եվ դուք որոշեցիք ինդիվիդուալ գործով զբաղվել, այսինքն՝ արվեստով:

– Այո, Կանադայում ես բավականին հայտնի քանդակագործ էի, շատ գալերեաներ էին իմ պաստառները ու քանդակները ցուցադրում: Քաղաքների փողոցում իմ երեք հսկա քանդակներն են տեղադրված: Տնտեսական առումով ես շատ ապահով եմ: Հայաստան գալուն պես ես Շենգավիթում գնեցի գործարան, որը հիմա որպես արվեստի կենտրոն է աշխատում:

– Ինչո՞ւ այդ գործարանը չաշխատեց:

– Որովհետև նախորդ կառավարությունն Իրանի հետ միակողմանի պայմանագիր էր ստորագրել: Այսինքն, Իրանը կարող էր ամեն տեսակի ապրանք բերել և Հայաստանում վաճառել, բայց Հայաստանը չի կարող իր արտադրությունը տանել Իրան: Ես չգիտեի դրա մասին և Կանադային սարքավորումներ բերեցի, որպեսզի սպունգ և պոլիուրիտան` նոր տեխնոլոգիայով պատրաստած պլաստմասսայե նյութ արտադրեի: Նոր ավրոմեքենաների ներսն այժմ կոմպլեկտավորում են պոլիուրիտանից: Ես գնեցի գործարանը, բայց հետո չուզեցի աշխատեցնել, քանի որ Հայաստանը երկու միլիոն բնակչություն ունի, և, երկու շաբաթ աշխատելով, կբավարարեի այստեղի պահանջը: Իսկ այլ երկրներ վաճառել չեն կարող, տրանսպորտի խնդիր կա:

– Բայց միևնույն է, ուզում եք այստեղ ապրել:

– Այո, շատ հաճելի երկիր է: Երբ գլոբալիզացիայի հարցը սկսվեց, միջազգային քաղաքականության խաղի ամբողջ օրենքը փոխվեց: Հիմա ոչ մի հարցի չի կարելի անհատական ձևով մոտենալ, այլ միայն` ամբողջ շրջանի, ռեգիոնի տեսանկյունից: Հայաստանը հիմա պիտի ջանա և նոր, լավ դաստիարակված սերունդ պատրաստի և նայի Արևմուտքին: Պետք է սովորենք մեր հարևանների հետ հաշտ ապրել և միաժամանակ մեր ինքնությունը պահպանել: Բիզնեսը մեկ բան է, զգացմունքները` այլ բան: Երբ կինը կորցնում է իր ամուսնուն, պիտի հասկանա, որ իր կյանքը դրանով չի ավարտվել, և պետք է շարունակել ապրել: Մենք շատ զգացական և խելացի մարդիկ ենք, բայց տրամաբանել չենք կարող: Զգացմունքը միշտ հաղթում է տրամաբանությանը: Այ, երբ սովորենք իսկապես իրար հարգել և մեր հարգանքը փոխանցել, կարգին երկիր կդառնանք:

– Երևի երբ տեսնում ես, որ իշխանություն ունեցող մարդիկ թքած ունեն մարդկանց վրա, քեզ թույլ ես տալիս անհարգալից լինել:

– Երեկվա աղքատ մարդիկ կարծում են, որ փողն ամենամեծ ուժն է: Ճիշտ է, ուժ է, բայց` ոչ ամենամեծ: Եթե կուլտուրա չունես, ոչինչ ես: Թող ուզածի չափ այդ BMW-ները կամ «Համմերները» քշեն, թող բարձրահարկ շենքերն իրենց սեփականը դարձնեն, հետո՞ ինչ: Ոչ մի դարաշրջանում հարուստի անուն չես հիշի, բայց արվեստագետի անուն կարող ես հիշել: Այսօրվա հարուստների զգացումները վաղվա հետ չեն կապված, այլ միայն ներկա օրվա հետ: Այն մարդը, ով վաղվա համար է ապրում, միանգամից տարբերվում է: Քաղաքի մեջ արդեն բաց տարածք չմնաց, բոլորը շենքերով են լցվել: Կարծում եմ, դա վախի արդյունք է:

– Ինչո՞ւ վախի:

– Մենք՝ հայերս, երկու հազար տարի ստրուկի պես ենք ապրել: Այդ ստրկության հոգեբանությունն է ստիպում մեզ` իրար կողքի շենք կառուցել: Մենք բոլորս ուզում ենք իրար կողքի նստել, որպեսզի ամրություն զգանք: Այդ ամրության հոգեբանությունն անուղղակիորեն ազդում է մեր գործերի վրա: Ինչո՞ւ են անմիջապես շենքի կողքին կառուցում նման մի շենք, թող մի քիչ հեռու տեղ կառուցեն, շատ ազատ տարածք կա: Դա վախի արդյունք է:

George_Kevork_Kassabian

– Իսկ ձեր երեխաները դժգոհ չէի՞ն, որ Հայաստան են տեղափոխվել:

– Առաջին մի քանի տարին դժգոհ էին, քանի դիսկրիմինացիա էին զգում: Երբ այստեղ տեսնում էին, որ արտասահմանացիներ ենք, խանութում կամ սրճարանում միշտ մի քանի հարյուր դրամ ավելի էին վերցնում: «Եթե դրսից է եկած, ուրեմն լիքը փող ունի»,- այս հոգեբանությունը կա: Ես տաքսի էի նստում, ինձանից հազար դրամ ավելի էին ուզում: Բայց ինչո՞ւ: Եթե հայը հային չի ընդունում, ուրիշներն էլ չեն ընդունի: Այդ պատճառով շատ սփյուռաքահայերի խրտնեցրեցին: Աղջիկս այստեղ երկու տարի սովորեց Ֆրանսիական համալսարանում, հետո հասկացավ, որ այդ ուսումը դեր չունի: Այստեղ համալսարան բացելը բենզակայան կամ ռեստորան բացելու պես բան է: Ուսանողները կարծում են, որ բարձրագույն ուսում են ստանում, բայց այդ վկայականները ոչ Հայաստանի, ոչ էլ այլ երկրների կառավարության կողմից վավերացված չեն: Այստեղ համալսարանները մոդայիկ ՍՊԸ հիմնարկներ են, որոնք միայն փող են ապահովում, ոչ թե կրթություն: Նույնիսկ Ամերիկյան համալսարանը, որը, տասը տարի է, ինչ բացվել է, միայն 2008-ին պետք է վավերացվի: Դրա համար ես աղջկաս Ամերիկա ուղարկեցի` լավ ուսում ստանալու համար: Ընդհանրապես, մենք` հայերս, երեխա շատ կսիրենք և մեր դրամը երեխային կծառայեցնենք: Դա շատ գնահատելի է: Բիզնեսմեններն օգտագործում են այդ հոգեբանությունը և զգաստացնում են մարդկանց, ամեն ինչ անում են, որ մարդիկ իրենց երեխաների վրա փող ծախսեն: Նրանց շատ նախագծերը սուտ են: Որևէ ֆիրմայի կամ ինստիտուտի տնօրեն կարծում է, որ ինքը Ստալինի հետնորդն է, և իրեն պետք է ճկուն մանկավարժի նման աշխատակիցներին կամ աշակերտներին հետևել:

– Եթե ձեզ առաջարկեին կրթության կամ մշակույթի նախարար դառնալ, կհամաձայնեի՞ք:

– Ոչ, այստեղի ժողովուրդը վարժված է ղեկավարին քարկոծել:

Իմ նպատակը ժողովրդին արթնացնելն է: Մենք պետք է սովորենք աթոռ, պաշտոն կամ տիտղոս ունեցող մարդու վրա ոչ թե քար, նույնիսկ պիստակ կամ թաշկինակ չնետել: Երբ շատ կնետես, մարդը չի կարող իր գործն անել: Ինձ չի հետաքրքրում ի՞նչ գույնի` կարմի՞ր, թե՞ նարնջագույն է նախագահը, նա պետք է իր գործն անի: Հայաստանի նախագահը մեքենայով անցնում է, իսկ նրան հետևում է Ոստիկանությունը: Ինչո՞ւ: Որովհետև նա գիտի, որ իրեն կքարկոծեն, նա պաշտպանվում է, քանի որ վախ ունի: Կանադայում վարչապետը շապիկ ու ջինսեր հագած կարող է կողքովդ անցնել և միայն մի թիկնապահ ունի: Մենք պետք է ոչ թե ձևական դեմոկրատիայի դրոշի տակ մեր տոտալիտար հոգեբանությունը պահենք, այլ իսկապես դեմոկրատ դառնանք: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, տեսա, որ բոլորը սև գույնի հագուստ էին հագնում, բայց հիմա այդպես չէ: Մեր մտքերն էլ այդ գույների պես պետք է լավատես դառնան: Անհատը պետք է իր միջավայրի մեջ պրպտի` տեսնելու համար, թե ինքն ինչ կարող է փոփոխել: Հասարակական շատ խրթին հանգույցներ կան: Ամեն մարդ իր միջավայրն է ստեղծում, մեկն արև է ուզում տեսնել, մյուսն առանց արև է ապրում, մեկը պարարտացնում է իր հողը, մյուսը` ոչ: Լճացման մեջ պետք չէ ապրել: Աշխարհը շատ բազմագույն է:

Նունե Հախվերդյան

«168.am»



Նման նյութեր