Երևանի գլխավոր պողոտայի այգու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Այն հիմնովին կահավորվել է նստարաններով ու աղբամաններով, տեղադրվել են մայրաքաղաքում նմանը չունեցող շատրվաններ, որոնք 90 մետր երկարություն ունեն և սկիզբ են առնում ոչ թե ջրային ավազանից, այլ հենց գետնից:
Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող այս հանգստի նոր գոտու բարեկարգման աշխատանքները տևել են 3 տարի: Դրանք կատարվել են «Տաշիր Գրուպ» ընկերության կողմից:
Այգում ավելացել են կանաչ տարածքները, տնկվել են ծառեր, ցանկապատ ստեղծող կանաչ թփեր: Մանուկների համար կառուցվել է փոքրիկ խաղահրապարակ՝ տնակներով ու արհեստական խոտից պատրաստված մեծ կենդանիներով:
Թեև պուրակը դեռ պաշտոնապես չի բացվել, բայց երևանցիներն արդեն հասցրել են ընդգրկել այն սիրելի վայրերի ցանկում, նկարվել շատրվանների ու կենդանիների հետ:
«Այգին իրոք շատ գեղեցիկ է: Մտածում եմ՝ ինչի՞ նախկինում չէին անում այս տեսակ շատրվաններ, որ հենց գետնից են դուրս գալիս: Շատ սիրուն է: Առաջ այգին այգի չէր, աղբանոց էր: Արժեր, որ այսքան տարի վերանորոգվում էր, որովհետև շատ սիրուն է»,- ասաց բնակիչներից մեկը:
3 տարի առաջ այս այգում կանաչապատ տարածքներ գրեթե չկային: Բնակիչները հիշում են, որ այս նույն տեղում խորհրդային տարիներին կառուցված բետոնե շատրվաններ էին, որոնք երկար տարիներ չէին աշխատում:
«Հիանալի այգի է: Հին այգին սովետական միության ժամանակ էր կառուցվել, իսկ սա մի քանի անգամ բարձր ճաշակով է… Նման այգի քաղաքում էլ չկա, նման շատրվանները հատուկենտ են: Սիրուն այգի է: Այն ժամանակ շատրվանները կոշտ ու կոպիտ էին սարքած:
Սա օրիգինալ է, սրա նման Երևանում ամեն տեղ չկա»,- ասաց մեկ այլ բնակիչ:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում: