Բաբկեն Թունյանի գրառումը. Գլխանց ասեմ, ասածիս հետ կարող եք չհամաձայնել, բայց գրառումս ուղղված է մտածող և ինքնաքննադատությունից չվախեցող մարդկանց համար։
Ուրեմն արդեն նշել ենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել ու նվազում են։ Պատճառների մասին էլ շատ է խոսվել։ Բայց կա ևս մի պատճառ, որի մասին չի խոսվում։
Էդ պատճառը վարչապետի պաշտոնական ֆեյսբուքյան էջի փրոֆայլի նկարն է՝ ձեռքը կապած, աչքի տակը ուռած։
Հասկանում եմ՝ էդ նկարով Նիկոլ Փաշինյանն ուզում է անուղղակիորեն ասել, որ հեղափոխությունը դեռ լրիվ ավարտված չէ, ընթացքի մեջ է։ Ավելին, ինչքան ես հիշում եմ, մայիսին վարչապետի նկարը մի պահ փոխվեց՝ պաշտոնականի մեջ, փողկապով նկար դրվեց։ Հետո էլի էս նկարը հայտնվեց։
Բայց էս “մեսիջը” տեսնում են նաև օտարերկրյա պոտենցիալ ներդրողները։ Դուք մի պահ ձեզ պատկերացրեք իրենց տեղում՝ ներդրում կանե՞ք մի երկրում, որի վարչապետի պաշտոնական էջի նկարը համարյա բաց տեքստով ասում է, որ էդ երկրում վիճակը դեռ խառն է։ Ներդրողներն ամենազգուշավոր մարդիկ են, անգամ միջին կարգի պաշտոնյայի անզգույշ ասված մի բառը կարող է վախեցնել իրենց։
Փաշինյանի ոճաբաններն ու էջով, PR-ով զբաղվողները միայն ներքին լսարանն են հաշվի առել՝ անտեսելով արտաքին լսարանը։ Փոխե՛ք վարչապետի նկարը։ Դրեք պաշտոնական, փողկապով նկար, որը վստահություն կներշնչի, որ երկրում օրինական իշխանության ղեկավարը Փաշինյանն է, որ իրավիճակը վերահսկվում է ու արտակարգ բաներ չեն կատարվում։
ՀԱՏՈՒԿ ԿՐԿՆեՄ – չեմ ասում, որ ներդրումները հենց միայն էս պատճառով են արգելակվել։ Բայց ՆԱեՎ սա է խանգարում։