Սոցիալական ապահովության Շենգավիթի տարածքային բաժնի ղեկավարն ու առաջատար մասնագետը բռնվել են պահանջված կաշառքը ստանալու պահին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սոցիալական ապահովության Շենգավիթի տարածքային բաժնի ղեկավարն ու առաջատար մասնագետը բռնվել են պահանջված կաշառքը ստանալու պահին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի տարիքը լրանալու կապակցությամբ թոշակ ձևակերպելու նպատակով այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին։

Հաստատության ղեկավար Լևոն Պետրոսյանն ու գլխավոր մասնագետ Աննա Սեդրակյանը ուսումնասիրել են դիմողի փաստաթղթերը և պատճառաբանել, որ նրան չի բավարարում երկու տարվա աշխատանքային ստաժ։ Այս հանգամանքը անտեսելու և թոշակը ձևակերպելու համար դիմողից պահանջել են 100.000 դրամ կաշառք, որն ինքը խոստացել է տալ մեկ ամիս հետո՝ նոյեմբերի սկզբին:

Օպերատիվ տվյալները ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Երևան քաղաքի վարչությունների ու Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Արդյունքում՝ սոցիալական ապահովության Շենգավիթի տարածքային բաժնում բաժնի ղեկավարն ու առաջատար մասնագետը բռնվել են պահանջված կաշառքը ստանալու պահին և բերման ենթարկվել։

Կաշառքի առարկա գումարը առգրավվել է։

Դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։