Երևանի գլխավոր ճարտարապետ ԱրթուրՄեսչյանը կարծում է, որ մայրաքաղաքի ամենամեծ խնդիրներից մեկը ապօրինի շինարարությունն ու հողազավթումներն են:
Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը Մեսչյանն ասաց, որ քաղաքի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիրները լուծելի են, ուղղակի ժամանակ է պետք:
«Ես շատ լավ գիտեմ, թե ինչից պետք է սկսեմ և ուր պետք է գնամ»,-ասաց նա՝ հավելելով, որ Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ: «Երևաննախագծի» և այլ պատկան մարմինների հետ ես ուզում եմ ծրագիր մշակել, որով Երևանի կենտրոնը կստանա հատուկ կարգավիճակ, և ես կունենամ որոշակի լծակներ: Պետք է վերջ դնել պուճախային աշխատանքին և սկսել աշխատել միասին»,-ասաց նա: Այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ապօրինի շինարարություն կատարել, Արթուր Մեսչյանը կոչ արեց չանել այդ քայլը: «Այն գործիքակազմը, որ ես ունեմ, պետք է թույլ տա, որ ապօրինի շինարարությանը, հողազավթմանը վերջ դրվի: Եթե դուք որոշեք կատարել ձեր շինարարական ծրագրերն օրինական ձևով, մենք կաշխատենք հնարավորինս հեշտացնել ձեր կյանքը»,-հավելեց գլխավոր ճարտարապետը: