«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը նոյեմբերի 6-ին տվեց «Քաղաքացիական հասարակության օրակարգը Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկումների շարքի մեկնարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շարքի առաջին քննարկումը նվիրված էր Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը:
Այս հանդիպումների շարքը, որը տեղի կունենա Երևանում և մարզերում, նպատակ ունի նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպել և հանրությանը ներկայացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, խտրականության, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, ինչպես նաև քննարկում ծավալել այս խնդիրների շուրջ՝ քաղաքացիական հասարակության կառույցների և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ուժերի միջև:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց, որ բանակցություններ են վարում մարզի մի քանի բուհերի հետ, որտեղ ցանկանում են իրականացնել քննարկումները:
« Առաջին ամենակարևոր հարցադրումներից մեկը` սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն է Հայաստանում: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին քաղաքացիական հասարակության մի մեծ զանգված ուներ բավականին հիմնավոր հակառակ մոտեցում և գտնում էր, որ այս փոփոխությունները չեն նպաստելու երկրի ժողովրդավարական զարգացմանը և նոր խորհրդարանը տեսնում ենք որպես հարթակ, որտեղ կարելի է իրականացնել այս փոփոխությունները»,-ասաց Դավիթ Ամիրյանը:
Նախաձեռնությունը հյուրընկալեց անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության կառույցների, քաղաքական կուսակցությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկումները դարձնել հնարավորինս ընդգրկուն և մասնակցային: