Գրպանումս վերջակետ կա: Արդեն քանի տարի: Մշտական ուղեկից է: Գիտեմ, որ մի օր պիտի դրվի, որովհետև մեզ ասել են` ամեն բան իր հատուցման գինն ունի: Բայց մնացել է, քանի որ հանգամանքներն անսիրալիր գտնվեցին, ժամանակը դատարկ հույսով կերակրեց, ակնկալիքների ծխի միջից տեսանելի չեղավ ճանապարհի ավարտը: Իսկ գրպանիս միջի վերջակետը տանջեց, կեղեքեց, տողը երկարեց, միտքը դարձավ ձանձրալի, պատմությունն ճահճացավ:
Հիմա ներքին ձայնս եկել ու ասում է. «Դիր վերջակետդ, անցիր առաջ»: Ու նոր տող գրել բոլորովին էլ պարտադիր չէ: Պարզապես ավարտիր: Եվ եթե նույնիսկ վերջակետը ցավալի է, ապա գոնե ազնիվ նշան է: