JS Conf Armenia 2018․ տեխնո-նինջաները կիսվեցին իրենց փորձով. vnews.am
Advertisement 1000 x 90

JS Conf Armenia 2018․ տեխնո-նինջաները կիսվեցին իրենց փորձով. vnews.am

Նոյեմբերի 3-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ JavaScript Conference Armenia 2018 տեխնո-միջոցառումը, որին մասնակցում էին ավելի քան 20 խոշոր ՏՏ ընկերություններ՝ Հայաստանից, Գերմանիայից, Ֆինլանդիայից ու ԱՄՆ-ից։ Արդեն երկրորդ տարին անցկացվող կոնֆերանսի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան 3 տարբեր լսարաններում մասնակցել ոչ միայն թեմատիկ դասախոսությունների, այլ նաև գործնական դասերի ու մասնագիտական մրցույթների։ Սա ևս մեկ հնարավորություն էր սկսնակների համար սովորելու և նինջաների համայնքում իրենց ուրույն տեղը զբաղեցնելու համար։

JS Conf-ի կազմակերպիչներից Էդգար Մարուքյանը VNews – Business and Tech-ի հետ զրուցում պատմել է կոնֆերանսի նպատակների, նախորդ տարվա հետ զուգահեռներ անցկացնելով՝ այս տարվա առանձնահատկությունների մասին․

«Հայաստանում չկար նման կոնֆերանս, բայց դրա կարիքը շատ կար։ Մենք ուզում էինք ստեղծել հարթակ, որտեղ մասնագետները կկիսվեն գիտելիքով միմյանց հետ, կշփվեն ու նաև կինքնահաստատվեն։ Շատերն ինչ-որ հետաքրքիր բան են անում, որը պետք է ցույց տալ, պատմել, ստանալ արձագանքներ։ Շարժ կա, ոլորտը եռում է։ Սկզբից մտածել էինք, որ 30-50 հոգի կլինեն, բայց երբ բացեցինք առաջին գրանցումը, մոտ 200 հոգի միանգամից գրանցվեցին, հետո 1600-2000։ Այս տարի էլ էր հոսքը շատ ու տպավորություն ունեմ, որ կոնկրետ թիրախային մարդիկ էին եկել, ովքեր որ հետաքրքրվում են հենց Java Script-ով։ Անցյալ տարի առաջին անգամ էր ու շատերը եկել էին հետաքրքրությունից դրդված։ Հիմա կոնկրետ նրանք են, ովքեր հետարքրքված են այս տեխնոլոգիայով»։

Էդգարի խոսքով՝ շատ ողջունելի ու ոգևորող էր այն փաստը, որ մասնակիցներից ամենաերիտասարդը 11-րդ դասարանի աշակերտ էր, ում ելույթը բավականին հաջող ու ստացված էր, ինչը կարող է լավ օրինակ ծառայել սկսնակ ծրագրավորողների համար։

«Արտասահմանից հրավիրված 4 հյուր ունեինք։ Հայաստանում մասնագետների մակարդակը դժվարանում եմ գնահատել, որպես օրինակ՝ կարող եմ նշել, որ մենք այս տարի եղանք Հոլանդիայում անցկացվող React Amsterdam կոնֆերանսին, որին  մասնակցում էր մոտ 1200 հոգի աշխարհի տարբեր ծայրերից ու երբ որակն էի համեմատում՝ հաճելիորեն զարմացել էի մեր ելույթների որակների վրա, դրանք ավելի բարձր են, քան այնտեղ էր։ Մեզ մոտ թեմաներն ավելի լավն էին»,- նշում է նա։

JavaScript Conference Armenia-ն հիմնադրվել է ՏՏ ոլորտի չորս մասնագետների՝ Ալեքսանդր Ադամյանի, Ռուբեն Մեսչյանի, Գևորգ Հարությունյանի և Էդգար Մարուքյանի կողմից, նրանց է միացել նաև Վարսեր Զաքարյանը։ Կազմակերպչական աշխատանքներն սկսել էին դեռևս տարեսկզբին։ Առաջիկայում պլանավորում են էլ ավելի ընդլայնել կոնֆերանսի շրջանակը՝ նոր թեմաներ ու խոսնակներ ներգրավելով։

vnews.am