Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում մեկնարկել է փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարը՝ մայթերով ազատ քայլելու, սանիտարահիգիենիկ կանոնները պահպանելու և փողոցների տեսքը պատշաճ դարձնելու նպատակով:
Որքան շատ են քաղաքացիները, որոնք մեզ այդ կոչով ու պահանջով դիմում են, նույնքան աղմկոտ է ու դիմադրության հանդիպող գործընթացը՝ ընդհուպ մինչև փողոցներ փակելու սպառնալիք:
Հիմնական հակափաստարկը՝ «մի կտոր հացի փող ենք աշխատում»:
Արդյո՞ք քաղաքային իշխանությունները պիտի ապօրինություն արտոնեն, որ մի խումբ մարդիկ, որոնք ի դեպ համաձայն չեն նույնիսկ մեկ սանտիմետր տեղափոխվելուն, կարողանան գումար աշխատել:
Արդյո՞ք դա ապօրինի հովանավորչություն չի լինի ու չի հակասի «բոլորը հավասար են օրենքի առջև», «հավասար հնարավորություններ բոլորին» գերագույն սկզբունքներին: Չէ՞ որ ոտնահարվում են օրենքին համապատասխան իրենց փոքր տաղավարները աշխատացնող, հարկ վճարող մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների շահերը:
Բացի այդ, սպասարկման ոլորտում այսօր աշխատաշուկան զգալի պահանջարկ ունի, կան աշխատատեղեր:
Դե իսկ երևանցիների ազատ տեղաշարժն ու վտանգավոր սնունդ չընդունելն էլ իրավունքներ են, որոնք պետք է հարգել»: