
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) նախագիծը հաջողված է: Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Դա շատ հաջողված նախագիծ է, որի իրականացմանը մասնակցում է ամբողջ ժողովուրդը: Մենք արդեն, բացի 2017թ.-ից, նույն պայմաններով փոխհատուցում ենք նաև 2015 ու 2016թ.-ին զոհված ու վիրավորված զինծառայողներին: Հուսով եմ, որ ակտուարական հաշվարկների հաշվին կկարողանանք փոխհատուցել նաև 2013 ու 2014 թվականներին զոհվածներին ու վիրավորվածներին»,- ասաց Տոնոյանը:
Նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝ ՀՀ տնտեսական հնարավորությունների բարձրացման դեպքում, ինչ-որ ժամանակ հետո այդ նախագծի անհրաժեշտությունը չի լինելու: