Ռեժիսոր, սցենարիստ Հայկ Բաբայանը շուտով նոր ֆիլմ կներկայացնի հանրությանը՝ նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին: Մանկության ընկերոջ մասին ֆիլմ նկարելու մտահղացումը ծնվել է երազից հետո, որն, ըստ սցենարիստի, այնքան իրական էր, որ իր համար գոնե որոշ փակագծեր բացեց:
«Սովորաբար, Կյաժին (Ռոբերտ Աբաջյան, հեղ.) ես հաճախ եմ տեսնում իմ երազներում: Ապրիլյան պատերազմից ամիսներ հետո էլ տեսա, ու այն, ինչ ինձ ասեց երազում, շատ տպավորեց… Որոշեցի դա դարձնել ֆիլմ, որի պրեմիերան տեղի կունենա կա՛մ նոյեմբերի վերջին, կա՛մ՝ դեկտեմբերի սկզբին», – Aysor.am-ի հետ զրույցում նշել է Հայկ Բաբայանը:
Կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Շիկահեր տղան»: Այն ներառում է մի քանի ժամանակաշրջան՝ խորհրդային, 90-ականներ ու մեր օրեր… Ֆիլմը հարուստ է նաև փաստագրական կադրերով: Ֆիլմում իր ուրույն դերակատարումն ունի նաև Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը:
«Եթե ես Ռոբերտ Աբաջյանին չճանաչեի, ապա այս ֆիլմը, հնարավոր է, 1 ժամ 30 րոպե տևողությամբ լիներ, բայց քանի որ իրեն շատ լավ գիտեի, կարողացա ասելիքը մի քանի րոպեի մեջ սահմանափակել, ու դա լավ է: Ասեմ, որ Կոմանդոսը միայն մի քանի վայրկյան է կադրում երևում, բայց ամբողջացնում է ֆիլմն ու ասելիքը», – մանրամասնեց նա:
Ամբողջությամբ՝ aysor.am