Թարմ քամված հյութերը երեխաների մոտ ճարպակալում կարող են առաջացնել. Դիետոլոգ
Advertisement 1000 x 90

Թարմ քամված հյութերը երեխաների մոտ ճարպակալում կարող են առաջացնել. Դիետոլոգ

Քաղցր ըմպելիքները, այդ թվում՝ թարմ քամված մրգային հյութերը, վնասակար են երեխաների համար։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց դիետոլոգ Հասմիկ Աբովյանը։

Ինչպես նշվեց, մրգային հյութերը հանգեցնում են ճարպակալման, լյարդի ճարպային դիստրոֆիայի, ինչպես նաև կարող են 2-րդ կարգի շաքարախտի զարգացման պատճառ դառնալ։ «Արդեն քանի տարի մենք բարձրաձայնում ենք այդ մասին, սակայն, միևնույն է, շատերը կարծում են, թե թարմ քամված հյութերը օգտակար են առողջության համար։ Միաժամանակ, մրգային հյութերը նշանակվում են միայն ծանր հիվանդ մարդկանց, ովքեր գտնվում են կախեքսիայի, այսինքն ծայրաստիճան հյուծված վիճակում։ Առողջ մարդկանց դրանք հակացուցված են»,- նշեց Աբովյանը։

Դիետոլոգը հատուկ ուշադրություն դարձրեց նրան, որ բնական հյութերը ակնթարթորեն ներծծվում են և բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ «Դրանց օգտագործումը հանգեցնում է ինսուլինի հսկայական արտանետման, ինչը նպաստում է ճարպակալմանը»,- ընդգծեց նա։

Մրգային հյութերը մեծացնում են ախորժակը, քանի որ նրանցում բարձր գլիկեմիկ ինդեքս կա։ «Բանն այն է, որ մրգերի և բանջարեղենի ամենաարժեքավոր նյութը բջջանքն է, և առանց նրա անհնար է մարսողական համակարգի նորմալ գործունեությունը։ Բացի այդ, վիտամինների և միկրոէլեմենտների մեծ մասը մնում է բջջանքի մեջ։ Քամելով հյութը՝ մենք թափում ենք կոշտ հյուսվածքը՝ թողնելով ջուրն ու շաքարը»,- տեղեկացրեց Աբովյանը։

Նա հիշեցրեց, որ համաշխարհային ճանաչում ունեցող էնդոկրինոլոգ Ռոբերտ Լաստիգը բժշկության մեջ ներդրել է «շաքարային թմրամոլ» հասկացությունը։ «Նման վարքագիծ նա նկատել է երեխաների մոտ, որոնց «շաքարային թմրամոլությունը» զարգացել է քաղցր մրգային հյութերի անչափ օգտագործումից։ Իհարկե, ամսական մեկ-երկու բաժակից ոչինչ չի պատահի, բայց եթե մրգային հյութերը ջրի պես խմվեն, ապա կսկսի ճարպակալում զարգանալ»,- հավելեց դիետոլոգը։

med.news.am