Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթական խայտառակությունը հայ-թուրքական սահմանին.
Նոր մոտս մարդ եկավ՝ Գոռ Կարապետյանը, և զարմանալի պատմություն պատմեց: Ամասիայի Գետաշեն գյուղի բնակիչ է, տրակտորիստ: Մարդը գյուղի տրակտորով (МТЗ-82) ու իր հակավորման սարքով (Կիրգիզիա), ինչպես ամեն տարի, պատշաճ թույլտվությամբ և անցաթղթով անցակետում հատել է հայ-թուրքական սահմանի ցանկապատը, սահմանապահ ուղեկալում գրանցվել է, և սկսել է խոտհարքում խոտի հունձը, տեխնիկան մի քանի շաբաթ մնացել է ուղեկալի մոտ, ինքը գնացել-եկել է գյուղ, ամեն անգամ տեխնիկան հանդից չի բերել-տարել գյուղ: Ամբողջ սեպտեմբերը հունձ է արել: Սեպտեմբերի 30-ին թողել է տրակտորն ու հակավորման սարքը ուղեկալից 1500 մ հեռավորության վրա, մյուս օրը գնացել է, տեսել է՝ չկա:
Սահմանապահներին, տեղեկացրել է, թե գողացել են տրակտորս ձեր քթի տակից, հետները ելել է որոնելու, անվահետքերը տարել են Թուրքիայի կողմը: Մարդը բողոքել է՝ ուր կարողացել է: Նոյեմբերի 5-ին հազիվ լուր է ստացել, որ քրեական գործ են հարուցել` ՀՀ ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափի գողություն. 7,3 մլն դրամ տրակտորը, 2,5 մլն դրամ հակավորման սարքը:
Խնդրեցի մոտավորապես գծել աշխարհագրությունը: Կապույտ կետագիծը գողացված տրակտորը և հակավորման սարքը տանելու ճանապարհն է, որը հետքերով է երևացել: Տրակտորը տարել են մոտ 300 մ՝ հակավորման սարքի մոտ, այն կցել են տրակտորին, ապա տարել են Թուրքիա:
Մարդը պատմեց, որ ուղեկալում պարտադիր գրանցում են և տեխնիկայի մուտքը պահպանվող հայկական տարածք և ելքը: Հիմա մուտքը գրանցված է, ելքը՝ ոչ, այսինքն տեխնիկան ոʹչ ինքը, ոʹչ որևէ մեկը սահմանապահների հսկողության տարածքից դուրս չի հանել դեպի Հայաստան: Տրակտորից մոտ 400 մետր հեռավորությամբ` հայկական կողմում (գծագրում՝ աջ վերին անկյունում), լուսարձակ կա, իսկ դրա դեմ դիմաց՝ թուրքական կողմում՝ տեսանկարահանող սարք: Սակայն ըստ Գոռ Կարապետյանի՝ սահմանապահները, երբ փորձել են թուրքական կողմից տեսագրությունը խնդրել, այն կողմից պատասխանել են, թե սարքը չի աշխատում, տեսագրություն չունեն: Այսպիսով.
Հերթական գողության լուրն է սա, նախկինում ոչխարի հոտ տանելու մասին մի քանի լուր է եղել, մինչև վերջ այդպես էլ չիմացանք՝ ինչ եղավ, ինչ պարզեցին: Հավանաբար սահմանապահների հրամանատարությունը վերջիվերջո 10 մլն փող է հանելու տա՝ փոխհատուցի վնասը: Բայց հասկանում եք, որ սա սահման պահել չէ՝ մեղմ ասած: Սա այլանդակություն է՝ գողություն սահմանապահների քթի տակից: Ասում եմ, կարո՞ղ է էգուց քնած լինենք, գան մեզ գողանան: Այ հողերս ձեր պահած սահմանի վրագլխուն:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԱԱԾ-ն պարտավոր են հրապարակային բացատրություններ տալ տեղի ունեցածի մասին և մատնանշել այն միջոցառումները, որոնցով կարգի կբերվի սահմանը և կբացառվեն նման հանցագործությունները»:
Հերթական խայտառակությունը հայ-թուրքական սահմանինՆոր մոտս մարդ եկավ՝ Գոռ Կարապետյան եւ զարմանալի պատմություն պատմեց:…
Gepostet von Levon Barseghyan am Montag, 19. November 2018