«Եթե մանկավարժ է, եւ ինքը սիրում է իր աշխատանքը, պետք է մնա եւ աշխատի այդ դժվարությունները հաղթահարել»,- այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ արձագանքելով Հայաստանի վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի եւ Նելլի Խերանյանի դստեր՝ Անի Ներսիսյանի՝ Երևանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտից ազատման դիմում գրելու որոշմանը:
Անի Ներսիսյանը, հիշեցնենք, աշխատանքից ազատվելու դիմում էր գրել, նշելով, որ «մանկավարժին տրվող խղճուկ աշխատավարձով այլեւս չի աշխատի»:
«Եթե իր նկատմամբ դիսկրիմինացիա կա, սա մի խնդիր է, պետք է փորձել հասկանալ, իսկ եթե ընդհանրապես է խոսում, ապա բոլորի աշխատավարձերը ցածր են, փակե՞նք, գնա՞նք մեր տները, այսինքն՝ լուծումը պետք է կարողանանք ռեալ տալ տվյալ ժամանակի մեջ»,- շարունակեց նախարարը, հավելելով, որ այդ տրամաբանությունն իր համար անհասկանալի է. «Ասել, որ աշխատավարձը ցածր է, ես պետք է գնամ, է, որ գնա, ի՞նչ պետք է անի, երկրի՞ց պետք է արտագաղթի, շարունակությունը ո՞րն է»:
Լևոն Մկրտչյանը նաեւ նշեց, որ առաջիկայում աշխատավարձերը վերանայելու հարց օրակարգում չունեն. «Միջոցներն ավելի ճիշտ ծախսելու հարց կա օրակարգում, իսկ եթե երկիրը հարստանա, իհարկե, պետք է աշխատավարձերը բարձրանան»:
Նշենք, որ Անի Ներսիսյանը բաց նամակով դիմել էր թե նախարարին, թե վարչապետին, հուսալով, որ նամակը որևէ արձագանք կգտնի: