Chanel ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ փոխել է իր դասական սրվակի արտաքին տեսքը, որը Գաբրիել Շանելն ինքն էր մտահղացել: Այդ մասին հաղորդվում է բրենդի՝ նոյեմբերի 19-ի մամուլի տեղեկագրում:
2018 թվականի Սուրբ Ծննդյան տոների առթիվ թողարկվել է Chanel N՛5 L’Eau արդաջրի և Chanel N՛5 պարֆյումերային ջրի լիմիտավորված շարքը՝ վառ կարմիր երանգավորված ապակուց պատրաստված 10-միլիլիտրանոց սրվակներով: Նաև աշխարհում ընկերության մի քանի խանութներում վաճառվելու են սահմանափակ բացառիկ թողարկման բույրեր. Baccarat ֆրանսիական մանուֆակտուրայի բյուրեղապակուց պատրաստված 900 միլիլիտր ծավալով սրվակներից թողարկվել է 55 հատ, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրը համարակալված է: Chanel նորաձևության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում:
Շանելը կանանց նորաձևության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սև զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձևության տունն արտադրում էր միայն հագուստ և աքսեսուարներ, այնուհետև սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր և ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն: