Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:
Սամվել Մարտիրոսյան
Ես Սամվելն եմ, ծնվել եմ ուրի երկրում, որն արդեն չկա։ Այն ժամանակ երազում էի լինել «հանրապետության դիրեկտոր»։ Դե, գիտեք, սովետներում տնօրենի տեղը դիրեկտոր էր, նախարարի՝ մինիստր։ Բայց հիմա հաստատ չեմ ուզում։ Հիմա զբաղվում եմ ամեն ինչով, ինչը կապ ունի տեղեկատվության հետ։ Մի քիչ տեղեկատվական անվտանգությամբ, մի քիչ սոցմեդիաներով, մարքեթինգով, մի քիչ՝ լրագրությամբ և ինչի հավես լինի։
Ինձ համար կարևոր հավելվածները (չհաշված սոցցանցերի հավելվածները և դրանց հարակից, օրինակ Դեյբուքի գովազդային մենեջերը) քիչ չեն։ Բայց կան խիստ պետքական հավելվածներ, որոնց կհանդիպեք եռյակում։
Google Drive
Ես հիմնականում այս հավելվածով եմ աշխատում։ Սա մի կողմից ֆայլեր պահելու և տարածելու հարմար գործիք է, մյուս կողմից՝ օֆիսային գործերը, տեքստերը, աղյուսակները բոլոր սարքերով ունենալու լավ հնարավորություն։ Հիմնականում սա եմ օգտագործում, հատկապես, գործընկերներիս հետ աշխատելիս։
Telegram
Սա, իհարկե, մեսենջեր է։ Բայց ինձ համար, առհասարակ, նորություններ կարդալու հիմնական ձևն է։ Այստեղ կան բազմաթիվ լրատվական, նեղ մասնագիտական ալիքներ։ Վերջերս հիմնական նորությունները սպառում եմ հենց այստեղով։
Google Maps
Սա պետք է գալիս այն օրերին, երբ ես չեմ աշխատում։ Փորձում ենք ընտանիքով, ընկերներով հայտնաբերել այն Հայաստանը, որը թաքնված է, բայց շատ հետաքրքիր է։ Իսկ դրա համար պետք է լինում քարտեզ։ Բայց հաճախ, հակառակը, քարտեզի վրա բազմաթիվ հետաքրքիր բաներ բացակայում են։ Ձեռքի հետ փորձում եմ խմբագրել, ավելացնել դրանք։ Լավ ժամանցի, նաև արկածների ընկեր է այս հավելվածը։
Ամբողջությամբ՝ vnews.am