«Դադարեցրե՛ք ճնշումը ԶԼՄ-ների վրա»․ PARA TV-ին՝ Արսեն Թորոսյանին և Մխիթար Հայրապետյանին
Advertisement 1000 x 90

«Դադարեցրե՛ք ճնշումը ԶԼՄ-ների վրա»․ PARA TV-ին՝ Արսեն Թորոսյանին և Մխիթար Հայրապետյանին

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հաղորդագրություն են տարածել, համաձայն որոնց՝ PARA TV-ում իրենց մասնակցությամբ հաղորդումները գրաքննության են ենթարկվել` քաղաքական նկատառումներից ելնելով, և այդ պատճառով եթեր չեն հեռարձակվել։ PARA TV-ն հանդես է եկել պատասխան հաղորդագրությամբ։ Լրատվամիջոցը պատասխանը՝ ստորև․

«Տեղեկացնում ենք, որ այս հայտարարությունները հիմնված են բացառապես հարգարժան նախարարների երևակայության վրա և իրականության հետ չունեն որևէ աղերս։ Իրողությունն այն է, որ Արսեն Թորոսյանի հետ «Hard Talk» հեղինակային հաղորդումը ստացվել էր ձևաչափից դուրս, այսինքն՝ այն չէր համապատասխանում մեր հեռուստադիտողի ակնկալիքներին, որոնք ձևավորվել են նախորդ թողարկումների համատեքստում։ PARA TV-ում այս տեսակ որոշումները կայացնում է բացառապես պրոդյուսերը, ում հիմնական պարտականությունն է որակյալ եթերի ապահովումը, ինչն էլ իրավունք է տալիս չհեռարձակելու այն հաղորդումը, որը չի համապատասխանում որոշակի չափանիշների։

Ինչ վերաբերում է Մխիթար Հայրապետյանի, ինչպես նաև քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանի մասնակցությամբ նույն հաղորդման թողարկումներին, որոնք նկարվել են հաջորդող երկու օրերի ընթացքում, ապա նշենք, որ դրանք դեռևս մոնտաժված չեն, և որևէ մեկը դեռ չի էլ դիտել, ուստի, առավել անհեթեթ են դրանց վերաբերյալ այն ենթադրությունները, թե իբր ինչ-որ մարդիկ չեն հավանել այն և արգելել են եթեր հեռարձակել։

Հարգարժան նախարարներ, կոչ ենք անում քաղաքական դիվիդենտներ չհավաքել՝ անհիմն կերպով անուններ շահարկելու և դրանք մեր հեռուստաալիքի հետ կապելու միջոցով։ Հորդորում ենք նաեւ դադարեցնել ճնշումը ԶԼՄ-ների վրա և չխոսել մեզ հետ սպառնալիքի լեզվով, ինչը վստահաբար չի բխում ձեր և ձեր քաղաքական թիմի շահերից»,-ասված է հաղորդագրության մեջ: