Մաքսայինի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրգործը շարունակվում է․ ԱԱԾ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մաքսայինի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրգործը շարունակվում է․ ԱԱԾ

Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այդ մասին 24news-ի հետ զրույցում տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը՝ պարզաբանելով «Ժամանակ» թերթում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, թե Ավետիսյանն ամեն տեղ հայտարարում է, որ այդպիսի քրգործ այլևս գոյություն չունի, իրեն հաջողվել է փակել այն, բնականաբար, մեծ գումարների միջոցով։

«Այդպիաի հայտարարություն արել է ոչ թե Արմեն Ավետիսյանը, այլ «Ժամանակ» թերթը։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Քրեական գործը շարունակվում է»,- ասաց Սամսոն Գալստյանը՝ ընդգծելով, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով, այլ մանրամասներ չի կարող հայտնել։

Հոկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առնչությամբ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ քրեական գործի նյութերի՝ Արմեն Ավետիսյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարով կառուցել էր Հաղթանակ զբոսայգում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:

24news.am