Երևանի քաղաքապետարաը հայտարարություն է տարիածել, որով պարզաբանել է, թե ինչու են մայրաքաղաքի փողոցային լույսերը ցերեկը վառվում: Ներկայացնում է Երևանի քաղաքապետարաի տարածած հայտարարությունը.
«Մայրաքաղաքի փողոցներում ցերեկվա ժամերին վառվող լուսատուներ տեսնելիս մի շտապեք եզրակացնել, թե պատասանատուները մոռացել են անջատել կամ ժամանակից շուտ են միացրել դրանք: Իրականում խնդիրը տեխնիկական է: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության «Կենտրոն» տարածքային շահագործման շրջանի պետ Կարեն Մուրադյանի խոսքով՝ արտաքին լուսավորության ցանցում վերանորոգման աշխատանքները կատարվում են ցերեկային ժամերին, որպեսզի արդեն երեկոյան լուսավորությունը լինի անխափան: Բացի այդ, այս կերպ ապահովվում է նաև աշխատակիցների անվտանգությունը, ովքեր գործ ունեն էլեկտրականության հետ: Արտաքին լուսավորության համակարգում առկա տեխնիկական խնդիրների մասին ընկերությունը տեղեկանում է նաև թեժ գծի միջոցով: Շուրջօրյա գործող 010 56-27-56, 011 51-44-44 հեռախոսահամարները հասանելի են բոլորին՝ օրվա ցանկացած ժամի: Մութն ընկնելուն պես մայրաքաղաքը լուսավորում է շուրջ 64 000 լապտեր և գեղարվեստական լուսավորության ավելի քան 5000 լուսակետ: «Երքաղլույս»-ի աշխատակիցներին է վստահված նաև Երևանի փողոցների տոնական օդային լուսավորության ապահովումը: Նշենք նաև, որ Ամանորին ընդառաջ աշխատանքներն արդեն մեկնարկել են»: