Նոյեմբերի 27-ին, Ալավերդիում քարոզարշավի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Նա նաև պնդեց, որ «նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել»:
Analitik.am-ի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը հայտարարեց. «Կարծում եմ, որ պարոն Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը: Օրինակ Արցախի գործող նախագահի՝ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին ծառայել է, ծառայել են նաև ՊԲ հրամանատարի 2 որդիները և այլն: Սրանք արձանագրված փաստեր են, և ընդհանրապես, պաշտոնյաների որդիները ծառայում են: Չգիտեմ ՝ կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը, դրա մասին պարզաբանումները պետք է ստանալ պարոն Փաշինյանից»: