Ոստիկանության Ախուրյանի բաժինը Արևիկում դպրոցի պատուհանից երեխաների դուրս ցատկելու գործով նյութեր է նախապատրաստում
Advertisement 1000 x 90

Ոստիկանության Ախուրյանի բաժինը Արևիկում դպրոցի պատուհանից երեխաների դուրս ցատկելու գործով նյութեր է նախապատրաստում

Շիրակի մարզի Արևիկ համայնքի դպրոցի պատուհանից երեխաների դուրս ցատկելու գործով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Այս պահին քրեական գործ չկա հարուցված: Ոստիկանության Ախուրյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի ձեռքբերման ընթացքում ձեռքբերված փաստական տվյալներով կգնահատենք քրեական գործ հարուցելու հիմքեր առկա են, թե ոչ»,- նշեց դատախազը:Նոյեմբերի 27-ին, կեսօրն անց արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Արեւիկ գյուղի դպրոցում:

Դասղեկը դասերի ավարտից հետո երկու աշակերտի՝ Մանե Նռանյանին ու Սյուզի Ավետիսյանին պահել է դասարանում, որ ծաղիկները ջրեն: Սակայն այդ ժամանակ, ուսուցչուհին հեռախոսով տեղեկանում է , որ իր երեխան վատառողջ է ու հիվանդանոց են տեղափոխելու: Տնօրինությունից թույլտվություն վերցնելով, աշակերտուհիներին թողնելով դասարանում՝ վերջինս տուն է շտապում, դասասենյակի բանալին մոռանալով սեղանին: Ինչպես տեղեկացնում են դպրոցից, երեխաներն էլ բանալիով ներսից փակում են դասասենյակի դուռը: Դպրոցի փոխտնօրենը և պահակը տեղյակ չեն եղել, որ ներսում աշակերտներ կան, դպրոցի դուռը փակել և գնացել են:

Ավելի ուշ, երբ երեխաները գործն ավարտել են, փորձել են շենքից դուրս գալ, բայց դպրոցի դուռը փակ է եղել: Փոքրիկներն անհանգստացել, վախեցել են: Երբ տեսել են, որ երկար ժամանակ արձագանքող չկա, բացել են երկրորդ հարկի պատուհանն ու դուրս են ցատկել:Երեխաներին դպրոցի բակում ընկած տեսել է դպրոցի պահակը: Երեխաներից մեկին ծնողները տեղափոխում են Գյումրու Ավստրիական մոր ու մանկան հիվանդանոց, որտեղ էլ հետազոտությունից հետո պարզ է դառնում, որ ուսահոդի կոտրվածք է, և անմիջապես երեխան վիրահատվել է: Երեխան հիմա հետվիրահատական կայուն վիճակում է, հիվանդանոցում է: