Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել: Այս մասին դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Խոսք է գնացել պայմանագրային զինծառայողի մասին, որ երեք օր առաջ ձյան տակ էր մնացել: Ես վատ լուր ունեմ՝ զինվորին մահացած են գտել: Ես ցավակցություն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին, ընկերներին և մտերիմներին»,- ասաց Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանի առաջարկով հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զինծառայողի հիշատակը:
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք: նոյեմբերի 28-ին, ժամը 06:55-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) մեկնել են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացրել: