Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածին և մի քանի պտույտ շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորակում, բախման վայրից մոտ 20 մետր հեռավորության վրա:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: