Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ գործով բոլոր քննչական գործողությունները արդեն կատարվել են:
Պաշտպանը նշում է, որ անհարկի ձգձգումների պատճառով գործը դեռ դատարան չի հասել. «Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Միքայելյանի այն հայտարարությունը, թե 200 հարցաքննություն և 70 խուզարկություն է կատարվել, դրանք ուղղակի գործողություններ էին, որոնք Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապի մեջ չեն գտնվում: Մի քանի հարցաքննություններից տեղյակ եմ, բայց կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով, սակայն ուղղակի կապ այդ հարցաքննությունների, խուզարկությունների և մեղադրանքի միջև չկա»,- նշեց Մկրտչյանը և հավելեց՝ արդար չէ, որ պաշտպանները նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին փաստաթուղթ են ստորագրում, իսկ ՀՔԾ պետը այնպիսի տեղեկություններ է հրապարակում, որոնք կարող են իրենց մեջ պարունակել նախաքննական գաղտնիք:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը շուրջ 6 ամիս է գտնվում է կալանքի տակ, նրան այլ մեղադրանք չի առաջադրվել և պաշտպանի խոսքով՝ ավելի ծանր մեղադրանքներով անձանց համար անգամ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվում և սա խտրական մոտեցում է:
«Մենք այստեղ գործ ունենք ընտրովի արդարադատության և խոշտանգման հետ: Մենք հասկանում ենք, որ նշանակված փորձաքննությունները հանրության աչքին «թոզ փչելու» համար են: Ես այսօր կարող եմ տեղեկություն տալ, որ ուսադիր կրող բժիշկները հայտնում են այն դիրքորոշումը, որը հայտնել է մեղադրանքի կողմը, թեթևացնում են Մանվել Գրիգորյանի հիվանդությունները: Երբ զննում են իրականացնում, չեն օգտվում անգամ ֆոնենդոսկոպից, գրում են՝ վիճակը բավարար է, և դուրս են գալիս, այն դեպքում, երբ միջազգային մակարդակի բժիշկները հայտնում են դիրքորոշում, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը առողջական վիճակի հետ համատեղելի չէ»,- նշեց նա:
Արսեն Մկրտչյանի խոսքով՝ տեսակցությունները տրվում են բացառության կարգով՝ միջնորդությունների հիման վրա, զանգերը արգելվում են:
Պաշտպանը համոզված է, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ են պահում՝ նրան հայտարարություններ անելու հնարավորությունից զրկելու համար:
«Այն պահին, երբ Մանվել Գրիգորյանը հայտնվի ազատության մեջ, հասանելի կդառնա ԶԼՄ-ների համար: Մեղադրանքի կողմը չարաշահում է իր՝ դատարանների և լրագրողների, փորձագետների վրա ազդելու իր հնարավորությունները»,- նշեց նա:
Արսեն Մկրտչյանը նշում է նաև, որ նրանք հնարավորություն չունեն իրենց տեսակետները հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
«Ես հնարավորություն չունեմ վարչապետի մոտ ընդունելության լինել և ասել, որ ՀՔԾ-ի հայտնած տեղեկությունները մեղադրանքի կողմի ենթադրություններն են: Ես խոսելու եմ սուբյեկտիվ, ինչպեսև սուբյեկտիվ է խոսում ՀՔԾ պետը: Ի վերջո, նա մեղադրանքի կողքին կանգնած կողմն է: Նա վարույթ է իրականացնում, հնչեցնում է սեփական ենթադրությունները, մինչդեռ պաշտպանական կողմի վարկածները երկրի ղեկավարության համար մնում են անհասանելի»,- նշեց նա:
Ամբողջությամբ՝ iravaban.net