Արեգ Բարսեղյանի գրառումը. «Մեր կրթական համակարգում խնդիրները շատ շատ են։ Մասնավորապես ուզում եմ մասնագիտական կրթության մասին խոսեմ ու հատկապես հանրակրթական համակարգի ու բարձրագույն կրթական համակարգի կապի բացակայության մասին։
Էսօր Հայաստանում (ամբողջ աշխարհում) աշխատաշուկան զարգանում է շատ ավելի արագ, քան կրթական համակարգը։ Հայկական աշխատաշուկայում վաղուց կա բազմաթիվ էնպիսի մասնագետների պակաս, որոնց մեր ԲՈՒՀական համակարգը չի պատրաստում։
Դեռևս դպրոցական հասակում՝ ավագ դպրոցում, երեխաները պետք է արդեն կարողանան կողմնորոշվել, թե ի՞նչ մասնագիտություն են ուզում ստանալ և ավագ դպրոցում ուսանելու ժամանակաշրջանն օգտագործեն այդ մասնագիտությունը ստանալուն պատրաստվելու համար։
Դե ԲՈՒՀ-երն էլ պետք է փորձեն աշխատաշուկայի զարգացմանն ու տենդենցներին համընթաց աշխատել։ ԲՈՒՀ-երում պետք է բավականին հաճախ բացվեն նոր ֆակուլտետներ, ամբիոններ, մասնագիտական դասընթացներ և այլն։
Կրթության և գիտության նախկին նախարարների օրոք այս հարցը չի լուծվել։ Չեմ վախենա ասել, որ փորձ էլ չի արվել այս ուղղությամբ զարգացում տալու։ Արդեն 7 ամիս է ունենք նոր նախարար, որն այս ամբողջ ընթացքում ջանասիրաբար քննադատել է բոլոր նախկին նախարարների արած և չարած աշխատանքը։ Բայց այս ամբողջ ընթացքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ինքն էլ որևէ գործնական քայլ չի ձեռնարկել։ Այս ընթացքում կրթական համակարգից միայն հանվել են որոշ ծրագրեր և հայեցակարգեր։ Որևէ բան կարծես թե չի ավելացվել կրթական համակարգում։
Հիմա հարց․
Հարգելի Արայիկ, 7 ամիս նախարարի աթոռը մաշացնելով ու որևէ բան չանելով, ինչպե՞ս, ի՞նչ խղճով ես ներկայանում ընտրողներին և նրանց քվեն խնդրում։
Հ․Գ․ Ինչպես միշտ նշեմ իմ տեսանկյունը․ Բարձրագույն կրթությունն անվճար չպետք է լինի։ Բարձրագույն կրթությունը ներդրում է մարդու ապագայի մեջ, որին պետք է պատրաստ լինի յուրաքանչյուրն, ով ուզում է լավ ապագա կառուցել»։