Աշխարհի տարբեր երկրների մասնագետները խորհուրդ են տալիս չտարվել քաշի նվազեցման դիետաներով, եւ դրա փոխարեն առողջ սնվելուն անցնել եւ ուշադրությունը կենտրոնացնել ֆիզիկական ակտիվության վրա: Մինչդեռ շատերի համար առողջ սնվելու սկզբունքները այդպես էլ անհյատ են մնում:
Որ մթերքներն է անհրաժեշտ ներառել օրվա սննդակարգում եւ օրական քանի անգամ է պետք սնվել: Այս եւ այլ հարցերին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատասխանեց դիետոլոգ Հասմիկ Աբովյանը:
Փորձագետը նշեց, որ ի տարբերություն առողջ սնունդին, սահմանափակող դիետաները շատ վնասակար են օրգանիզմի համար:
«Առողջ սնունդը ենթադրում է փոքր չափաբաժիններով մի քանի անգամյա սննդի ընդունում: Մարդը պետք է կանոնավոր սնվի, օրը 5-6 անգամ, փոքր չափաբաժիններով, շատ չուտի եւ սոված չմնա», – ընդգծեց նա:
Դիետոլոգը տեղեկացրեց, որ օրաբաժնում անպայման պետք է կենդանական եւ բուսական ծագման մթերքներ ներառվեն, ամբողջական հացահատիկներ, ամբողջական հատիկ ձավարեղենից շիլաներ, ձու, ընկույզ, կարմիր միս (փոքր քանակությամբ), ձուկ, կանաչի:
Աբովյանը խորհուրդ է տալիս մրգերը քիչ քանակությամբ օգտագործել, մեծ քանակությամբ բանջարեղեն ուտել:
Շատ օգտակար են դդմի սերմերը, հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: «Դդմի սերմերը սննդանյութերի՝ վիտամինների են եւ միկրոտարրերի իսկական կոնցենտրատ են», – ասաց նա:
Հավասարակշռված սնվելու դեպքում հարկավոր է օրական աղի չափը 3 գրամի հասցնել, ինչը, ի դեպ, համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտին: Կան որոշ սահմանափակումներ. առողջ սնունդը նշանակում է հրաժարվել վնասակար մթերքներից: Դա, օրինակ, վերամշակված միսն է, որը, ինչպես արդեն ապացուցվել է, հանգեցնում է հաստ աղիքի քաղցկեղին, աթերոսկլերոզին եւ բարձր արյան ճնշմանը:
Առողջ հավասարակշռված սնունդը դրական է ազդում մարդու բոլոր հյուսվածքների եւ օրգանների վրա: «Այն օգտակար է ինչպես աղեստամոքսային համակարգի, այնպես էլ սրտանոթային համակարգի համար եւ արդյունավետ է ինսուլինի ռեզիստետնտության ժամանակ: Բացի այդ, առողջ սնվելու սկզբունքները օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, առանց հիպո կամ ավիտաամինոզի առաջացման», – ասաց Աբովյանը: