Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդուն՝ ակտիվիստ, բնապահպան Հայկ Բարսեղյանին, բարկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 71 մլն դրամ արժողությամբ նոր տոնածառ գնելու որոշումը: Նրա խոսքերով ՝ Հայկ Մարությանն իր ընկերն է, սակայն չարտահայտվել չի կարող:
«Նոր տոնածառն արժե 150-200հզր դոլար: Հայկ Մարությա՛ն, դուք մասնակցեցիք Գյումրիում անօթևանների համար կազմակերպված դրամահավաքին և 1000 դոլար նվիրաբերեցիք: Գիտեք բնակարանի արժեքը Գյումրիում, մեկ սենյականոց բնակարանը մոտ 6500 դոլար է, ուզում եմ հասկանամ՝ 200հզր դոլարով քանի անօթևան բնակարան կունենար: Երբ ընտրվում էիք քաղաքապետ, հայտարարեցիք, որ կարմիր գծերն անհրաժեշտ են նրա համար, որ մանկապարտեզների հարցը լուծվի: Ես իմ շինարար ընկերներից տեղեկացել եմ, որ մի տարածքը սարքելու համար մոտ 10հզր դոլար է պետք, պատկերացնում եք, թե այդ գումարով ինչքան տարածք կսարքեին ու էդ կարմիր գծերը կհանվեին: Այս բոլորը հանկարծ դարձան անիմաստ, ու չգիտես ինչու՝ տոնածառը լավը չէր»,- ասում է Հայկը՝ ընդգծելով, որ Երևանի նախկին տոնածառը քաղաքի համար շատ կոլորիտային և յուրահատուկ էր:
«Հայրս էր միշտ էս օրինակը լավ բերում: Ինչխոր ծակած, փտած դոմիկի զալի մեջտեղը լուստր կախես: Այսինքն՝ այսքան պրոբլեմների մեջ բան ու գործ չունենք, 200հզր-ոց տոնածառ պիտի տնկենք: Կենտրոնում զիբիլը խեղդում է…, 10-15 մանկապարտեզ ոտքի կկանգներ: Ստացվում է՝մենք նույն կեղտի մեջ ենք: Սերժի կինոյից հելանք, տոնածառի կինո մտանք: Էս քննադատությունները ինքնանպատակ չեն, եթե իշխանությունը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, մտահոգված է Հայաստանի բարեկեցիկ ապագայով, իրենք առավել ևս պիտի ցավեն ու առաջիկա ընտրություններին վախենան ձայն կորցնելուց, դրա համար նստած սպասում եմ նորության, որ անմիջապես տոնածառը հետ են տվել»,- եզրափակում է ակտիվիստը: Հիշեցնենք, որ Հայկ Բարսեղյանը հեղափոխական ակտիվիստներից էր:
Հայկ Բարսեղյանի համաքաղաքացին՝ ծնունդով գյումրեցի Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում ուրախությամբ տեղեկացնում է. «Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով»: