Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև ապօրինի որսի մասին փաստող հերթական լուսանկարներն ու տեսանյութն է հայտնաբերվել համացանցում: Տավուշի մարզի Իջևան քաղաք 40-ամյա բնակիչ Սամվել Օհանյանը միանգամից 3 տեսակի հանցագործության մասին վկայող լուսանկարներ ու տեսանյութեր է բեռնել:
Վերջինս բեռնել է տեսանյութ, որտեղ ակնհայտ դաժան վերաբերմունք է դրսևորվում կենդանու նկատմամբ: Սամվել Օհանյանի կողմից տեսանյութը համացանց է բեռնվել 2017թ.-ի հոկտեմբեր ամսին: Մի խումբ մարդիկ հասարակական վայրում հրազենի կիրառմամբ կրակում են շան վրա:
Տեսանյութի մասին համացանցում ահազանգել է «Love Animals Hate Hunters» նախաձեռնությունը
Նշենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում: 92-րդ հոդվածն ասում է.
«Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: Նշված տեսանյութում առկա են հանցագործության տարրեր պարունակող նաև այլ երևույթներ:
Ուսումնասիրելով Սամվել Օհանյանի կողմից հանրայնորեն հրապարակված մյուս տեսանյութերն ու լուսանկարները, ակնհայտ է դառնում, որ վերջինիս կողմից «խնամվող» կենդանիները ակտիվորեն մասնակցում են նաև շնամարտերի:
Նշենք, որ սույն գործունեությունն արգելվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով:
Ամբողջությամբ՝ econews.am